Մատչելիության հղումներ

Շիրակի մարզում տրվեց LEAD4Shirak ծրագրի մեկնարկը


Եվրամիությունը Ավստրիական զարգացման գործակալության հետ համատեղ Հայաստանի հյուսիսային երեք՝ Շիրակի, Լոռու ու Տավուշ մարզերում զարգացման ծրագիրը է սկսում, որի թիրախում գյուղական բնակավայրերի զարգացում է:

Շիրակի մարզում այսօր տրվեց LEAD4Shirak ծրագրի մեկնարկը: Չորս տարվա ընթացքում, ըստ ծրագրի, շուրջ 4,5 միլիոն եվրոյի դրամաշնորհ է տրամադրվելու։

Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչ LEAD4Shirak ծրագրի ղեկավարի Տաթևիկ Դավթյանը վերահաստատեց հատկապես Հայաստանի մարզերի զարգացմանն աջակցելու ԵՄ հանձնառությունը։

Այս ծրագրով ստեղծված նախաձեռնությունները կարող են հետագայում Եվրամիության այլ ծրագրեր ընդգրկվել, նշեց Տաթևիկ Դավթյանը. - «Չեմ ուզում թվարկել այն բոլոր համագործակցության ծրագրերը, որոնք Եվրամիությունը այս երեք հյուսիսային մարզերում ֆինանսավորել է, բայց վստահ եմ, որ գիտեք, որ նախաձեռնությունները շատ են՝ փոքր ու միջին բիզնեսի զարգացում, գյուղատնտեսության զարգացում, տուրիզմի զարգացում։ Եվ այս բոլոր ծրագրերը մեր մոտ փոխկապակցված են, և սիմետրիկ լինելու ցանկություն ունենք։ LEAD4Shirak ծրագիրը, կամ «Տեղական դերակատարների զորեզացում հանուն Շիրակի մարզի զարգացման» ծրագրի նպատակն էլ հենց այն է, որպեսզի մենք առավել խթանենք այն տարբեր դերակատարներին, որոնք առանձին-առանձին տարբեր ծրագրերի շրջանակներում որոնց հետ աշխատում ենք՝ տեղական ինքնակառավարման մարմիններ, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպություններ։ Ծրագրի համար առանցքային ու կարևոր նշանակություն է ունենալու այս դերակատարների համագործակցությունը և տեղական մակարդակում կարողությունների ստեղծումը, որը հետո կարող է օգտագործվել ոչ միայն Lit ծրագրի շրջանակներում, այլև Եվրամիության առաջարկած տարատեսակ այլ հնարավորություններից օգտվելու»։

Շիրակի մարզից 29 բնակավայր կմասնակցի ծրագրին՝ Աշոցք ու Ամասիա խոշորացված ու մի քանի այլ համանքներ:

Համայնքների ընտրության համար չափորոշիչներ են սահմանվել, ասում է Lit for Shirak ծրագրի ղեկավարի տեղակալ Հուսիկ Սարգսյանը. - «Խմբավորել ենք համայնքները երեք խմբերի՝ փոքր, թույլ զարգացած, միջին և բարձր, ու փորձել ենք դրանք համադրելով ստանալ որոշակի տարածքներ, որտեղ կիրականացնենք ծրագրերը։ Չափանիշները ենթադրում են, որ լինի 10-15 հազար բնակչություն էդ տարածքում, էդ չափանիշը ենթադրում ա, որ քաղաքային համայնք չլինի, քանի որ ինքը գյուղի զարգացման մասին է։ Ու ունենան որոշակի մշակութային ավանդական կապեր»։

Այս անգամ մեկ այլ սկզբունքով է իրականացվելու ծրագիրը. ոչ թե ֆինանսավորողն է որոշելու, թե ինչ ծրագիր է իրականացնելու, այլ հենց գյուղական համայնքներն են տեղում նախաձեռնող խմբեր ձևավորելու ու որոշելու, թե իրենց համայնքին ինչ ծրագիր է պետք:

«Ու սրա հետաքրքիրն էն ա, որ ոչ մի բան պլանավորած չի։ Այսինքն՝ դատարկ թղթով մտնում ենք համայնքներ, ու համայնքի բնակիչներն իրանք են որոշելու։ Երբ որ իրանք որոշեն, մենք դրամաշնորհային ֆոնդ ունենք, էդ դրամաշնորհային ֆոնդը հայտարարելու ենք 2022 թվականի հունվարից։ Ու արդեն ամեն տարի՝ 2023-24 թվականներից մինչև ծրագրի ավարտը, հայտարարելու ենք դրամաշնորհներ այն ուղղություններով, որոնք իրանք են սահմանել։ Սրա մյուս հետաքրքիր կողմը էն ա, որ ցանկացած ֆիզիկական, իրավաբանական անձ կարա դիմի, ներառյալ տեղական իշխանության մարմինները։ Այսինքն՝ որևէ սահմանափակում չկա», - փոխանցեց Սարգսյանը։

Ավստրիական զարգացման գործակալության տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Քարները նշեց, որ իր ղեկավարած գործակալությունը Հայստանում հենց գյուղական բնակավայրերում է ներդրումներ ու ծրագրեր իրականացնում: Նրա կարծիքով, գյուղերը ներդրումների ու զարգացման կարիք ունեն:

Հարցին, թե արդյոք հաշվի առել են, որ Շիրակը Հայաստանի ամենաաղքատ մարզն է, հարցին Քարները պատասխանեց. - «Իրականում Ավստրիայի աջակցությունը Շիրակին սկսվել է դեռ ավելի վաղ՝ երկրաշարժի տարիներից, և դրանից հետո դիտարկում եղել է և նկատառում արվել է, որ այստեղ աղքատության ցուցանիշը իրականում բարձր է։ Դրա համար, այո, մենք ցանկանում ենք ներդրումներ անել և օգնել մարզի զարգացմանը»:

Հետաքրքրվեցինք, թե ծրագրի ավարտին այն ֆինանսավորողները ինչ են ակնկալում, գյուղացու կենսամակարդակում ինչ կփոխվի, արդյո՞ք ավելի շատ եկամուտ կունենա ու լավ կապրի:

«Եթե ձեր ակնկալիքը թվային տեսքով է, այս պահին դժվար է պատասխանել, բայց իրականում այդ գումարներն ամբողջությամբ ներդրվելու են այստեղ, և դրանից հետո ենթադրվում է, որ գյուղական բնակավայրերի բնակիչների կենսամակարդակը իրականում զգալիորեն կբարելավվի»։

Ծրագրի շրջանակներում նախատեսվոմ է 50 նոր աշխատատեղ ստեղծել և շուրջ 75 նախաձեռնություն ֆինանսավորել: Ակնկալվում է, որ ծրագիրը 5500 շահառու կունենա։

XS
SM
MD
LG