Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի դեսպանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռևս կարգավորված չէ


Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և տարածաշրջանում կայունության ամրապնդման գործում, Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպմանն ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանը և Ժոնաթան Լաքոթն անդրադարձել են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին:

Դեսպանի խոսքով` ֆրանսիական կողմը շարունակելու է հետևողական ջանքերը՝ ի նպաստ կայունության, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության և բանակցությունների վերականգնման: Դեսպանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռևս կարգավորված չէ, և այն հնարավոր կլինի միայն ԼՂ վերջնական կարգավիճակի հստակեցումից հետո:

Կառավարության հաղորդմամբ` Ժոնաթան Լաքոթն իր ցավակցություններն է հայտնել Երասխի հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից արձակված կրակից հայ զինծառայողի մահվան կապակցությամբ և անթույլատրելի համարել նման գործողություններն ու հրադադարի ռեժիմի խախտումները:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է տարածաշրջանում անկայունություն հրահրելու համար, ինչի վկայությունն են այնտեղից ամենաբարձր մակարդակով հնչող շարունակական ագրեսիվ հռետորաբանությամբ հայտարարությունները: Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է տեղի ունեցող գործողություններին միջազգային հանրության կողմից համարժեք արձագանքը և անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը:

Ժոնաթան Լաքոթը հավելել է, որ ակտիվ աշխատանքեր են տարվում նախագահ Էմանյուել Մակրոնի՝ Հայաստան կատարելիք այցի կազմակերպման ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG