Մատչելիության հղումներ

Արցախի ԱԳՆ-ն դատապարտում է Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետների այցի կազմակերպումը Շուշի


Արցախի արտաքին գործերի նախարարությունը խստագույնս դատապարտում է հուլիսի 10-ին ադրբեջանական իշխանությունների կողմից Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների այցի կազմակերպումը Շուշի։

«Ափսոսանք է առաջացնում այն փաստը, որ Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետները ենթարկվել են Ադրբեջանի մանիպուլյատիվ գործողություններին, որոնք ոչ միայն միտված են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման գործընթացի վերսկսումը թույլ չտալուն, այլ նաև խարխլում են միջազգային հարաբերությունների կարգերը՝ հիմքեր ստեղծելով ապօրինի գործողությունների արդյունքներն ընդունելի նորմա ճանաչելու համար», - ասված է Արտգործնախարարության հայտարարության մեջ։

Նախարարությունը շեշտում է` ուժի սպառնալիքի կամ կիրառման արդյունքում ձեռք բերված ոչ մի տարածքային նվաճում չպետք է ճանաչվի օրինական:

Հուլիսի 9-10-ը Ադրբեջանում հավատարմագրված 46 դեսպաններ այցելել են Շուշի, նրանց թվում չեն եղել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG