Մատչելիության հղումներ

Աֆղանստանում առաքելությունն ավարտված է, հայտարարում է ԱՄՆ նախագահը


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Աֆղանստանի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես գալիս Սպիտակ տանը, Վաշինգտոն, 8-ը հուլիսի, 2021թ.
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Աֆղանստանի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես գալիս Սպիտակ տանը, Վաշինգտոն, 8-ը հուլիսի, 2021թ.

Վաշինգտոնը Աֆղանստանից զորքերի դուրսբերումը կավարտի օգոստոսի 31-ին: Միացյալ Նահանգները հասել է իր նպատակներին՝ վերացնելով «Ալ-Ղաիդա»-ին և նրա ղեկավար Ուսամա Բին Լադենին: Աֆղանստանում առաքելությունն ավարտված է: Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

«Ես ամերիկացիների ևս մեկ սերունդ չեմ ուղարկի Աֆղանստան առանց ողջամիտ ակնկալիքի, որ կարելի է այլ արդյունքի հասնել», - շեշտել է Բայդենը:

Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Աֆղանստանում անվտանգային ներկայիս իրավիճակը միայն հաստատում է, որ ամերիկացի զինվորականների այնտեղ ևս մեկ տարի գտնվելը չի լուծի հարցը, հակառակը՝ կհանգեցնի նրան, որ ԱՄՆ ներկայությունն այնտեղ անվերջ կլինի:

2001 թվականից ի վեր ԱՄՆ զինվորականները Աֆղանստանում են եղել: Առաքելությունն այդ երկրում սկսվել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո, որոնց պատասխանատվությունը ստանձնել էր «Ալ-Ղաիդա»-ն:

Այժմ ԱՄՆ-ը ավարտում է զորքերի դուրսբերումը: Անցած շաբաթ զինվորականները լքել են Աֆղանստանի գլխավոր բազան՝ Բագրամի օդանավակայանը:

Աֆղանստանից զորքերը դուրս բերելու և «Թալիբան» շարժման հետ համաձայնության գալու մասին որոշումը կայացրել էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը: Բայդենից ակնկալում էին, որ նա կարող էր վերանայել Թրամփի այս որոշումը:

Ամերիկացիների հեռանալու ֆոնին «Թալիբան»-ը ակտիվացրել է աֆղանստանցի զինվորականների դեմ հարձակումները: Թալիբներին հաջողվել է վերահսկողության տակ վերցնել մի քանի շրջան, և այժմ նրանք վերահսկում են սահմանի ավելի քան 900 կիլոմետր երկարությամբ հատվածը:

Աֆղանստանի և Տաջիկստանի սահմանին «Թալիբան»-ի աճող ակտիվության պատճառով լարված իրավիճակ է ստեղծվել: Թալիբների ճնշման տակ աֆղանստանցի զինվորականներն անցել են Տաջիկստանի հետ սահմանը:

Պաշտոնական Մոսկվան և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը հայտարարել են այս իրավիճակում Դուշանբեին օգնելու որոշման մասին: Ինչ տեսք կունենա այդ օգնությունը, դեռ պարզ չէ:

Երեկ Մոսկվա է ժամանել «Թալիբան»-ի պատվիրակությունը: Ռուսաստանի արտգործնախարարությունում բանակցությունների ժամանակ, ռուսական աղբյուրների համաձայն, «Թալիբան» շարժման ներկայացուցիչները հավաստիացրել են ռուս դիվանագետներին, որ մտադիր չեն խախտել Կենտրոնական Ասիայի երկրների սահմանները:

Իրավիճակը Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանին մնում է լարված:

XS
SM
MD
LG