Մատչելիության հղումներ

Մարիամ ու Երանուհի Ասլամազյան քույրերի թանգարանում կրքերը չեն հանդարտվում. պահանջում են վերականգնել տնօրենին


Մարիամ ու Երանուհի Ասլամազյան քույրերի թանգարանի աշխատակիցներն այսօր գործադուլ էին հայտարարել ու Գյումրիի քաղաքապետարանից պարզաբանում էին պահանջում, թե ինչու են տնօրենի պաշտոնակատար Միքայել Վարդպարոնյանին ազատել աշխատանքից:

Պահանջում են նրան վերականգնել ու թանգարանի 10 աշխատակցի կարծիքի հետ էլ հաշվի նստել. «Ինչ-որ առումով կոլեկտիվի կարծիքը հաշվի չեն առել, և նաև հաշվի չառնելով՝ այսօր այն հիմնավորումը, որ իրենք տալիս են, մենք անընդհատ կարող ենք հակադարձել հարցերով, որոնք որ այդ հիմնավոր հենքը դարձնում են ոչ այդքան պինդ, ոչ այդքան հաստատուն։ Մեզ դա էլ է կասկածի առիթ տալիս։ Մենք՝ աշխատակիցներս կցանկանայինք, որ հիմնավորումն ավելի համոզիչ լիներ»։

«Մի շաբաթից ավելի է՝ մենք պահանջում ենք, պահանջել ենք հանդիպել քաղաքապետի հետ, որպեսզի դրական լուծում ստանա այս հարցը, սակայն ոչ մի պատասխան չենք ստացել», - ասում է մեկ այլ աշխատակից։

Գյումրիի թերևս ամենահայտնի ու տուրիստական այս շրջանում բազմաթիվ այցելուներ ունեցող այս թանգարանում մեկ շաբաթ է՝ կրքերը չեն հանդարտվում: Իսկ կոնֆլիկտի հիմքում թանգարանի աշխատակիցներից մեկի ազատումն էր, որը մյուսների պնդմամբ՝ քաղաքական, սոցիալական, կենցաղային և այլ հարցերի շուրջ պարբերաբար խնդիրներ է ունեցել աշխատակազմի հետ։ Հերթական կոնֆլիկտից հետո նրան հեռացրել էր արդեն նախկին տնօրեն Վարդպարոնյանը։

Թանգարանի պատերի ներսում տեղի ունեցածի մասին աշխատակիցները բաց նամակով էին հանդես եկել, ընդգծել, որ հեռացված աշխատակցի հայրը Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի մտերիմ ընկերն է, և ենթադրել էին, որ հենց քաղաքապետի ճնշմամբ էլ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը ստիպված է եղել ազատման դիմում գրել։ Այսօր արդեն վերջինս ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Ի՞նչ հիմնավորմամբ է քաղաքապետն իրեն ազատել աշխատանքից. «Երեկ կետ է նշված, ըստ որի ես ազատված եմ։ Առաջին կետն իմ կողմից հունիսի 28-ին գրված զեկուցագիրն է, որտեղ ես զեկուցել եմ, որ աշխատում եմ «Գրոսնեթ» ՍՊԸ-ում որպես մենեջեր երեկոյան ժամերին, որն իմ աշխատանքային ժամերին չի խանգարում, երկրորդ կետը նույն ՍՊԸ-ի կողմից տրամադրված տեղեկանքն է՝ նույն բովանդակությամբ ու իմ կողմից ներկայացված ազատման դիմումը։ Ընդհանուր խնդիրը կայանում է կառույցի՝ համայնքապետարանի որոշ շրջանակների անձնական ամբիցիաներից բխող հետևանքներն են սրանք»։

Գյումրիի քաղաքապետարանից միայն գրավոր պարզաբանում են, թե տնօրենի պաշտոնակատարը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Ազատման հիմքում նաև համատեղությամբ մեկ այլ աշխատանք ունենալու փաստն է: Արդյոք քաղաքապետի ճնշման ներքո՞ է Միքայել Վարդպարոնյանը գրել իր դիմումը. այս հարցը մեզ չի հաջողվել ուղղել Սամվել Բալասանյանին։

Ի դեպ, Միքայել Վարդպարոնայնը հուլիսի 2-ից երկրորդ աշխատանքից էլ է ազատվել։ Թանգարանի աշխատակիցները տարակուսած են, թե մեկին երկրորդ աշխատանք ունենալու համար ազատում են, այն դեպքում, երբ նոր նշանակված տնօրենը ևս երկրորդ աշխատանքն ունի. «Երբ առավոտյան մեր տնօրենին ներկայացրին մեզ, ես անձամբ ճանաչում եմ նոր տնօրենին, քանի որ բացված օրվանից աշխատում եմ պատկերասրահում, 17 տարի է՝ արդեն ճանաչում եմ ես Մանուկյան Գագիկին, բայց քանի որ մեր տնօրենին ազատել են այն պատճառով, որ աշխատում է երկու տեղ, նույն սկզբունքներով հիմա մեզ ներկայացրել են մեկ այլ անձի՝ նոր տնօրենի մասին է խոսքը, որ նույն սկզբունքներով պետք է գա և աշխատի։

Հիմա մեր կոլեկտիվի կարծիքն է, որ եթե հնարավոր է, որ մեկը կարող է երկու աշխատելով լինի պատկերասրահի տնօրենը, անհիմն պատճառներով ուրեմն աշխատանքից հեռացնում են մեր տնօրենին։ Պահանջում ենք հաշվի առնել կոլեկտիվի կարծիքը»։

Միքայել Վարդպարոնյանին աջակցող գյումրեցի արվեստագետները ստորագրահավաք են կազմակեպել, նորանշանակ տնօրենն էլ,ի դեպ, ստորագրողներից մեկն է եղել, ասում են թանգարանի աշխատակիցները: Թե որքան կտևի գործադուլը, չեն հստակեցնում։ Տուրիստական այս սեզոնին բազմաթիվ այցելուներ ունեցող թանգարանի չգործելը ֆինանսական լուրջ հարված է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG