Մատչելիության հղումներ

Հայաստանում բանկային վնասաբեր ծրագրերի գրոհները գրեթե եռակի թուլացել են


Հայաստանում օգտատերերի 0,4 տոկոսը 2021 թվականի առաջին եռամսյակում բախվել են իրենց համակարգիչներում այն վնասաբեր ծրագրային ապահովման (ԾԱ) գործարկման փորձերին, որը նախատեսված է բանկային հաշիվներին առցանց հասանելիության միջոցով փող գողանալու համար։ Վրաստանում գրանցվել է համանման ցուցանիշ, իսկ Ադրբեջանում այն կազմել է 0,6 տոկոս, հաղորդում է «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունը:

Հաղորդագրության համաձայն՝ 2020-ի հունվար-մարտին համակարգիչների օգտատերերի 1,1 տոկոսը ենթարկվել է բանկային վնասաբեր ծրագրերի գրոհների՝ այն դեպքում, երբ այդ ցուցանիշը Վրաստանում կազմել է 0,9 տոկոս, իսկ Ադրբեջանում՝ 1,4 տոկոս։

«Կասպերսկի» ընկերության տվյալներով՝ ընթացիկ տարվա հունվար-մարտին աշխարհում ամենաշատը նման գրոհների բախվել են Թուրքմենստանում (6,3 տոկոս), Տաջիկստանում (5,3 տոկոս) և Աֆղանստանում (4,8 տոկոս) գտնվող օգտատերերը։

2020-ի առաջին եռամսյակում հետ են մղվել աշխարհի 118 հազար 99 օգտատերերի համակարգիչներում վնասաբեր բանկային ԾԱ-ի գործարկման փորձեր, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 249 հազար 748:

«Կիբեռհանցագործները բանկային ռեկվիզիտներին հասանելիություն ստանալու և փող գողանալու համար օգտագործում են բանկերի, համացանցային խանութների և վճարային համակարգերի իրենց ստեղծած կեղծ վեբ-էջերը, սպամ և ֆիշինգ, ինչպես նաև ստեղնաշարային լրտեսներ։ Նրանց հիմնական նպատակը տնային և կորպորատիվ համակարգիչներ բանկային տրոյական ծրագրեր ներբեռնելն է։ Դրանք բանկային քարտերի կամ վճարային ռեկվիզիտների մասին տեղեկատվությունն ուղարկում են չարագործներին»,- նշում են ընկերության փորձագետները։

Նրանք համարում են, որ «տրոյացիներից» լավագույն պաշտպանությունն է էլեկտրոնային փոստով, սոցիալական ցանցերով կամ մեսենջերներով անծանոթների ուղարկած կցված ֆայլերը (նիշք) չբացելը և վեբ-կայքերից ներբեռնված ծրագրերը չգործարկելը, եթե օգտատերը 100 տոկոսով վստահ չէ ֆայլերի աղբյուրի նկատմամբ։ Հարկ է մշտապես նորացնել ծրագրային ապահովումը, լիարժեք պաշտպանվելու համար հարկ է տեղադրել հակավիրուսային ծրագրային ապահովում կամ տրոյական ծրագրերը հեռացնող ուտիլիտ։

XS
SM
MD
LG