Կիպրոսում հանգստյան օրերին ծագած անտառային հրդեհների հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել։ Բոլոր զոհերն, ըստ Reuters գործակալության, Եգիպտոսի քաղաքացիներ են, որոնք աշխատում էին Կիպրոսում գտնվող գյուղատնտեսական ձեռնարկություններից մեկում։
Տեղական աղբյուրների փոխանցմամբ, անտառային հրդեհները բռնկվել էին շաբաթ օրը՝ Թրոոդոս լեռան մերձակա տարածքում։ «Հրդեհի ընդհանուր մակերեսը շուրջ 50 քառակուսի կիլոմետր է, աղետի գոտում առնվազն 10 բնակավայր կա», - հաղորդել է երկրի կառավարությունը։
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսի գնահատմամբ` անտառային հրդեհներն ամենաուժգինն են վերջին մի քանի տասնամյակների ընթացքում։
Հրդեհների դեմ պայքարում Կիպրոսին արդեն իսկ օժանդակում են Հունաստանը, ինչպես նաև կղզում տեղակայված բրիտանացի զինվորականները։ Առաջիկայում ակնկալվում է նաև հրշեջ օդանավերի ժամանում Իտալիայից և Իսրայելից։