Նախօրեին Չեխիայի հարավում հզոր պտտահողմը մեծ ավերածություններ է առաջացրել:
Առավելապես տուժել են Հոդոնին ավանի մոտ գտնվող գյուղերը: Միկուլչիցե գյուղում պտտահողմի հետևանքով ավերվել են բնակելի տներ և գրասենյակներ, զոհվել է առնվազն երեք բնակիչ, կան հարյուրավոր վիրավորներ:
Հոդոնինը գտնվում է հարևան Սլովակիայի և Ավստրիայի սահմանների մոտակայքում: Այդ շրջանում քամու արագությունը հասել է ժամում 270 կիլոմետրի:
Քամին օդ է բարձրացրել ավտոմեքենաներ, գյուղտեխնիկա, քանդել է տանիքներ, նույնիսկ մի եկեղեցու գմբեթ: Հրուշկի գյուղում ավերվել է բնակելի տների առնվազն մեկ երրորդը:
Չեխիայի հեռուստատեսությունը նախազգուշացրել է, որ աղետի գոտու որոշ հատվածներում քամու արագությունը կարող է հասնել ժամում 332 կիլոմետրի:
Պտտահողմը {տորնադո} Եվրոպայում ու մասնավորապես Չեխիայում համարվում է բավական հազվադեպ բնական երևույթ:
Չեխիայի իշխանությունները բնակիչներին կոչ են անում չվերադառնալ տներ, քանի որ նախ անհրաժեշտ է ստուգել դրանց ամրությունը:
Իշխանությունը նաև հորդորում է առայժմ չերթևեկել տուժած շրջաններում և այդպիսով չխանգարել աղետի գոտի մեկնող փրկարարներին ու հրշեջներին: Հարևան Ավստրիան և Սլովակիան փրկարարների խմբեր են ուղարկել Չեխիա: