Մատչելիության հղումներ

Իմ խնդիրն է քաղաքացուն պետությունից պաշտպանել, կողմնակալ չեմ. Արման Թաթոյան


«Ազատության» հյուրասրահում այս Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն է։

«Ազատություն». – Պարոն Թաթոյան, ընդհանուր առմամբ ինչպես եք գնահատում՝ արդյո՞ք եղել է ժողովրդի ազատ կամարտահայտություն, ժողովրդի իշխանության ձևավորում։

Թաթոյան. – Ես իմ գործառույթների սահմաններում ինքս նշել եմ գլխավոր խնդիրները որոնք էին։ Արձանագրվել են խախտումներ՝ օրինակ, մարդկանց բերման ենթարկել ոստիկանական բաժիններ, իմ կարծիքով՝ հիմքեր չունեցող դեպքերում և այլն։ Ինչ վերաբերում է ժողովրդավարական և այլն, այդ հարցով Մարդու իրավունքների պաշտպանը դիտորդական առաքելություն չի իրականացնում, որ էդպիսի ընդհանրական գնահատականներ տա։ Եղել են դիտորդներ, արել են։ ԵԱՀԿ դիտորդների գնահատականները առհասարակ ես նայել եմ, ի գիտություն ենք ընդունել, և մեծ հաշվով ես որևէ խնդիր չունեմ դրանք վիճարկելու կամ չհամաձայնելու։

«Ազատություն». – Զինվորների ուղղորդման դեպքեր դուք արձանագրե՞լ եք։

Թաթոյան. – Այն, ինչ որ հրապարակային տվյալները եղել են, մենք դրանք ուղարկել ենք ընդհանուր մոնիտորինգի արդյունքներով իրավապահ մարմիններին։

«Ազատություն». – Հաճախ հնչում են մեղադրանքներ իշխանական շրջանակներից, որ դուք ընտրողաբար եք դատապարտում իրենց։ Էդպիսի մի օրինակ թույլ տվեք վկայակոչել, որ դուք դատապարտել էիք վարչապետի պաշտոնակատարի կողմից մուրճի ցուցադրությունը, որը, ի դեպ, նա համարում է խորհրդանշական ակցիա, այսինքն՝ չէր պատրաստվում գնալ մարդկանց գլուխ ջարդել։ Բայց, օրինակ, ասե՞լ եք ինչ-որ բան, երբ Սերժ Սարգսյանը տեսախցիկների առջև բացահայտ հայհոյում էր։

Թաթոյան. – Մարդու իրավունքների պաշտպանի խնդիրը, ճիշտ է, պետության նկատմամբ վերահսկողությունն է։ Ընտրությունների ժամանակ Մարդու իրավունքների պաշտպանը ցանկացած երկրի պետք է հետևի, որպեսզի երկրի իշխանությունը պատշաճ կազմակերպի ընտրությունները, որ բոլոր քաղաքական ուժերը կարողանան մասնակցել և իրականացնել պատշաճ իրենց մասնակցությունը։ Իմ խնդիրն է պետությունից պաշտպանել քաղաքացուն, և, այո, պետական պաշտոնատար անձանց գործունեությունը ուղիղ իրավասության տիրույթում է։ Այդտեղ կարծիքներ կան, ինչպես դուք եք ճիշտ ասում, որ Մարդու իրավունքների պաշտպանը պարիտետ չի պահում. եթե էն կողմին ես քննադատում, պետք է մյուս կողմին էլ քննադատես։ Դա շատ վտանգավոր մոտեցում է։ Հիմա տեսեք, պարիտետ ո՞ւմ հետ պահենք։ Եթե սկսեի այդ վտանգավոր մոտեցմամբ շարժվել, տուրք տայի մի շարք հարցերին, էդ նշանակում է բա իշխանությունից, կամ կառավարող ուժից բացի, քսանվեց կուսակցություն էր մասնակցում, չէ՞, ընդդիմադիր ուժ, էդ նշանակում է բոլորին պիտի քննադատեի... Վարչապետի թեկնածուներն են եղել իմ չափանիշը։ Որովհետև եթե հանկարծ ես շեղվեի մյուս ներկայացուցիչներով, պետք է ցուցակները դնեի, ընկնեի բոլորին քննադատեի...

«Ազատություն». – Ես մի օրինակ բերեմ։ Ռոբերտ Քոչարյանի մի քանի հավաքներում, հարցազրույցներում սպառնացել է իշխանության գալուն պես արևմտյան ֆինանսավորմամբ կազմակերպությունների գործունեությունը սահմանափակել, Ռուսաստանի օրինակով նրանց գործակալներ պիտակել։ Դուք այդ կազմակերպություններին պաշտպանե՞լ եք։

Թաթոյան. – Ի՞նչ կազմակերպությունների մասին է խոսքը, դա կոնկրետ գործողությո՞ւն է եղել։

«Ազատություն». – Բաց հասարակության հիմնադրամից ֆինանսավորվող կազմակերպությունների։

Թաթոյան. – Այ եթե լիներ ընդդիմությունը իշխանության, փորձեր էդպես վարվել, մենք իհարկե կարձագանքեինք, որովհետև դա քաղաքացիական հասարակությանը վերաբերող նուրբ հարց է, և քաղաքացիական հասարակությանև վերաբերող բոլոր հարցերը իմ անմիջական ուշադրության կենտրոնում են։

«Ազատություն». – Այսինքն ինքնին սպառնալիքը դատապարտելի չէ, քանի դեռ կյանքի չի կոչվել...

Թաթոյան. – Դուք ինչի՞ եք միանգամից ձեր վրա վերցնում կամ մյուսների վրա վերցնում։ Դա պետք է հասկանաս, թե կոնկրետ ում նկատի ունի։ Եթե գա գործադիր իշխանության և սկսկի գործողություններ իրականացնել, այո, միանգամից իհարկե մենք կարձագանքենք։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG