Մատչելիության հղումներ

Քվեների հաշվարկի պահին ընտրատեղամասերի շուրջ 25 տոկոսում հոսանքազրկումը չէր կարող էականորեն ազդել հաշվարկի պրոցեսի վրա. Իոաննիսյան


«Քվեների հաշվարկի պահին, ընտրատեղամասերի շուրջ 25 տոկոսում հոսանքազրկումը չէր կարող էականորեն ազդել հաշվարկի պրոցեսի վրա կամ նպաստել խախտումներին», - ասում է ընտրատեղամասերում 700 հոգանոց թիմով ընտրությունները դիտարկած «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։

Նրա խոսքով, ընտրական պրոցեսում եղած նորամուծությունները գրեթե բացառում են չբացահայտվող խարդախությունների հնարավորությունը, մեկ օրինակ բերեց. – «Օրինակ ստիկերները հանձնվում են տարածքային ընտրական հանձնաժողով, հաշվարկվում են, և նույնիսկ չնչին տարբերության դեպքում գործը ամբողջությամբ գնում է դատախազություն։ Այսինքն` եթե քվեաթերթիկ էլ փոխել, պետք է փոխած քվեաթերթիկի վրա ստիկեր` ինքնասոսնձվող դրոշմանիշ կպցնեին: Դրոշմանիշները ուրեմն ինչ-տեղից կպակասեին»:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի պաշտոնական պարզաբանմամբ՝ Արմավիրի, Լոռու, Շիրակի, Արագածոտնի մարզերի որոշ բնակավայրերում արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը՝ հունիսի 20-ին ժամը 21:49-ից 6 րոպեով հոսանքազրկումների պատճառը համակարգային վթարային անջատումն է եղել Վրաստանից։

ՀԷՑ-ից մեզ խորհուրդ տվեցին զանգահարել պետական ենթակայությամբ գործող «Էլեկտրաէներգիական համակարգերի օպերատոր» ՓԲԸ, ասացին, որ խնդրի հասցեատերն այդ կառույցն է։ Ընկերության գլխավոր ճարտարապետ Գառնիկ Բալայանն «Ազատությանն» ասաց. - «Խնդիրը նրանում ա, որ մեր հուսիսարևելյան շրջանները էլեկտրաէներգիա են ներկրում համաձայն ՀԷՑ-ի և վրացական ընկերության պայմանագրի: Եվ էդ օրը տեղի ա ունեցել էդ վթարային անջատումը, որի պատճառով տեղի ա ունեցել էդ ռեգիոնի հոսանքազրկումը»:

«Ազատությունն» այդ օրը աշխատում էր նաև Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տեղամասերից մեկում, որտեղ նույնպես հոսանքը շուրջ 10 րոպեով անջատվել էր։ Բալայանն ասաց, այդ խնդիրն իրենց հետ կապ չունի։

Հայաստանյան դիտորդական խոշոր խմբերից՝ «Անկախ դիտորդ»-ի ներկայացուցչին այս բացատրությունները հակասական են թվում. – «ՀԷՑ-ը, որը ասում է, որ դա Վրաստանից է եկել: Հիմա կա'մ ՀԷՑ-ից է եկել, ՀԷՑ-ը այս քաղաքական ուժին է աջակցում, կա'մ իրոք Վրաստանից է եկել, Վրաստանը դժվար թե խառնվեր ներքաղաքական բաների մեջ: «Հայաստանի էլեկտրական ցանցերը» ավելի շատ ասոցիացվում են «Հայաստան» դաշինքի հետ, քան թե իշխանությունների հետ: Այդուհանդերձ մենք չմոռանանք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գլխավոր տնօրենի տեղակալը Դավիթ Ղազինյանն է, ով ակտիվ զբաղված «Հայաստան» դաշինքի քարոզչությամբ, եղբայրը նաև «Հայաստան» դաշինքով պատգամավորության թեկնածու է»:

Իոաննիսյանը հավելեց, որ իրենք բազմաթիվ ահազանգեր են ստացել, որ ՀԷՑ-ի աշխատակիցներին ստիպել են մասնակցել «Հայաստան» դաշինքի հավաքներին, քվեարկել այդ ուժի օգտին, բայց ասաց, թե ապացույցներ որպես այդպիսին չունեն։

ՀԷՑ-ի հաասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Նատալյա Սարջանյանն «Ազատության» հետ զրույցում հերքեց այս տեղեկությունը. – «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ապաքաղաքական կառույց է: Մեր աշխատակիցներին որևէ գործընթացում ներգրավելու փորձերը որևէ հիմք չունեն: Ընդհակառակը, հրահանգված է եղել խստորեն հետևել և մեկը մյուսի վրա ազդեցություն գործելու հնարավորություն թույլ չտալ ոչ մի ձևաչափով: Կան աշխատակիցներ, որոնք ունեն քաղաքական դիրքորոշում, որոնք ներգրավված են եղել էդ պրոցեսներում, նրանց արձակուրդ է տրամադրվել»:

«Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանն անդրադառնալով լուրերին, թե հոսանքազրկումներն ասոցիացվում են իրենց դաշինքի հետ, ասաց, թե դա իշխանության ձեռագիրն է. – «Էդ ամեն ինչը պարզապես հերյուրանք ա: Իսկ եթե հետաքրքրվեն, կհասկանան, որ անջատումը էլցանցերից չի եղել, այլ մի ուրիշ տեղից: Ում հսկողության տակ է գտնվում բարձրավոլտը, դա էլ բոլորը գիտեն: Սա է էս իշխանության ձեռագիրը. ամբողջ ընտրությունների ընթացքում համատարած օգտագործել են վարչական ռեսուրսը»:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը իրենց ուղղված մեղադրանքներին այսպես արձագանքեց. – «Ամբողջ քարոզարշավի ընթացքում մամուլում անընդհատ եղել են հրապարակումներ էն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի ցույցերին մասնակցել են ՀԷՑ-ի աշխատակիցներ: Մի կանխավարկած ունեմ, որ էդ աշխատակիցները ուղղակի չափից շատ են հոգնել տեղից տեղ տեղափոխվելուց ու դրա բերումով չեն կարողացել իրենց աշխատանքը լավ կազմակերպել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG