Մատչելիության հղումներ

Շրջանավարտ երգիչները համերգով կնշանավորեն Երևանի կոնսերվատորիայի հիմնադրման 100-ամյակը


«Սիրեցէք զիրար, շատ սիրեցեք, որպեսզի ապրէք»․ կոմիտասյան այս հանրահայտ խոսքը հունիսի 22-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայանալիք համերգի խորագիրն է։

Համերգը նվիրված է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հիմնադրման 100-ամյա հոբելյանին:

Այս տարի իր գոյության մեկդարյա պատմությունը նշող և երաժիշտների ու երաժշտագետների մի քանի սերնդի համար մայր բուհ հանդիսացող Հայաստանի երաժշտակրթական ամենամեծ հաստատության հոբելյանն այս համերգով կնշանավորեն կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության ամբիոնի շրջանավարտները:

«Բոլոր մագիստրներն են, որոնք այս տարի արդեն պետական քննությունը երգեցին և ավարտեցին։ Այն ուժեղ կազմն է մեր մագիստրները, որոնք վաղը կամ մյուս օրը զարդարելու են ոչ միայն մեր օպերային թատրոնի բեմը, այլ նաև եվրոպական շատ ուշատ օպերային թատրոնների բեմեր։ Քանի որ ավարտում էին այս տարի և հնարավոր էր, որ ամեն մեկը մի տեղ կգա որևէ կոնտրակներով և այլն, և հնարավորություն չլիներ համախմբել էս երեխաներին, որպեսզի նրանք մի համերգի մեջ ելույթ ունենան, մենք որոշեցինք տարվա վերջում անպայման էսպիսի հրաշալի համերգ կազմակերպել։ Շատ շնորհակալ ենք Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիկ փոքր սրահին, որ իրենց սրահը մեզ տրամադրեց և բոլոր պայմաններին մեր համաձայնեց, որպեսզի մենք կարողանանք այս համերգը շատ պատվով և գեղեցիկ ձևով անցկացնենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության ամբիոնի վարիչ Գայանե Գեղամյանը։

Նա հավելեց, որ համերգին մասնակցելու են 25 հոգի․ - «Ամեն մեկը կերգի մեկ ստեղծագործություն, մի ծավալուն արիա։ Իսկ վերջում, մեր ամբիոնը ունի անսամբլի բաժին, որը ղեկավարում է պրոֆեսոր Ալլա Գալստյանը, նա նույնպես երկու համարով հանդես կգան, կհանի իր ուսանողներին։ Այդքանով համերգը կեզրափակվի»։

«Մենք գիտենք, որ հայերս բոլորս երգել սիրում ենք և ձայներ էլ ունենք», - շարունակեց Գեղամյանը։ - «Կասեմ, որ վերադառնում են էն լավ տարիները, որ բավական խստացել են հիմա մեզ մոտ քննությունները, ընդունելությունը այդքան հեշտ չի։ Եվ իրոք արժանավորները սկսում են վերադառնալ կոնսերվատորիա, սովորել կոնսերվատորիայում, ունենք շատ ուշատ շատ լավ երեխաներ, շատ լավ ապագա։ Դասատուի համար սա ամենամեծ հույսն ու ապավենն է։ Երբ որ տեսնում ես, որ լավ, տաղանդավոր կադր ունես, արդեն քո աշխատանքը քեզ երջանկություն է թվում, որովհետև դու գիտես ինչ ներդրում ես անում, ում վրա և ինչի համար։ Եվ ապագայում ինչ է լինելու այդ երիտասարդի հետ։ Դրա համար, կարծում եմ, կադրեր մենք ունենք, շատ լավն են, լավ երիտասարդություն են, նրանք շատ ավելի զարգացած են և՛ տեխնիկական առումով, և՛ մնացած առումներով, և իրենք շատ հեշտությամբ, եվրոպական երկրների հետ կապվելով, կարողանում են իրենց ճանապարհը գտնել և ռեալիզացնել իրենց այն ամբողջ պոտենցիալը, որ ունեն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG