Մատչելիության հղումներ

Երևանում հանձնաժողովների անդամներն ասում են` ընդհանուր առմամբ լարված չէր, սակայն միջադեպեր եղել են


Երևանցի Քերոբ Հովսեփյանն ասում է` խախտումները համատարած են, իր աչքով է տեսել` ինչպես են մարդկանց բերում ու տանում։ Մեր նկարահանող խումբը կեսօրից հետո շրջեց Ավանի, Արաբկիրի, Մալաթիա Սեբաստիայի ու Շենգավիթի ընտրատեղամասերում։ Ոչ կուտակումներ նկատեցինք, ոչ էլ ավելորդ լարվածություն։ Ընթացքը հարթ է, փաստում էին թե հանձնաժողովների նախագահներն ու թե վստահված անձինք. «Միջադեպ որպես այդպիսին չի գրանցվել, ընտրությունն անցել է բնականոն հունով»:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձի խոսքով. «Հոյակապ ընտրություններ են, խախտումներ չենք արձանագրել»:

Գրանցամատյաններում լուրջ խախտումներ թեպետ չտեսանք գրանցված, բայց փոքրիկ միջադեպեր կային մեզ հանդիպած գրեթե բոլոր տեղամասերում՝ քվեաթերթիկները պատռելուց, դատարկ քվեաթերթիկը քվեատուփի մեջ գցելուց մինչև նյարդայնացած ընտրողներ։ Անախորժ միջադեպերից չէր խուսափել Շենգավիթ վարչական շրջանի 8/36 ընտրատեղամասը։ Քաղաքացիներից մի քանիսը բողոքել են 3-րդ համարի՝ «Քաղաքացիական պայմանագրի» քվեաթերթիկի բացակայությունից, որից հետո քվեաթերթիկը գտնվել է՝ դիտորդները նման գրառում են արել 8/36 ընտրատեղամասի գրանցամատյանում։ Այս տեղամասում չորս նման դեպք է գրանցվել։

«Հանձնաժողովի աշխատողը տվել էր 25 քվեաթերթիկները, գնացել էր քվեատուփի մոտ, գոռալով ասում էր, որ 25 քվեաթերթիկները տեղում չեն, այնուհետև ինքը բոլորը պատռել է, հետո եկել, 3-րդ համարի քվեաթերթիկը վերցրել է հանձնաժողովի անդամներից, գնացել, էլի քվեարկելու, քվեարկելուց հետո ես անմիջապես գնացել եմ քվեատուփի մոտ իրենից հետո, և այնտեղ դրած էր 3-րդ համարի քվեաթերթիկը` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քվեաթերթիկը պատռած: Ինքը պատճառանելով, որ այդ ժամանակ չի եղել, որ առաջին անգամ վերցրել է….խառնված դուրս եկավ արագ-արագ:

Մի դեպք էլ եմ ես գնացել ևս, հենց քաղաքացին ինքը սկանդալ սարքեց 3-րդ համարի թերթիկի, ընտրությունն արել էր, մոտեցավ այստեղ, սկանդալ սարքեց, ասաց` 3-րդ համարի քվեաթերթիկը չկա, այնինչ թղթերը ձեռքը, 3-րդ համարն էլ մեջն էր», - պատմում է «Համազգային բևեռ» կուսակցության վստահված անձ Ժորժիկ Իսայանը:

Օրվա առաջին կեսին ընտրողներն ավելի ակտիվ են եղել, նշում էին տեղամասային հանձնաժողովների նախագահները։ 4/52 ընտրատեղամասում ողջ օրն է ակտիվ եղել, ասում է ամբողջ օրը ոտքի վրա անցկացրած ու մարդկանց հոսքից արդեն հոգնած հանձնաժողովի նախագահը. «Անկապ գալիս են, իրանց համար գորգռում, թողում, գնում են, մենք էլ չենք հասկանում` իրենք ինչ են ուզում, մեկը եկել ա, ասում ա` երկու քվեաթերթիկ ո՞նց հայտնվեց իմ ծրարի մեջ: Ասում եմ` քո ձեռքն ա եղել քո ծրարը, ո՞վ ա մեղավոր»։

«Ընտրողները պահանջել են, որ ընտրաարկղը բարձրացնենք, տակը նայեն, որովհետև իրենց ինչ-որ մեկը ասել ա, որ ինչ-որ անցք կա տակը, բարձրացրել ենք, նայել են, որ անցք չկա», - պատմում են հանձնաժողովի անդամները։

4/52 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը այլ դժգոհություն ուներ՝ էլ չգիտի, որտեղ տեղավորի չօգտագործված քվեաթերթիկները։ Օրվա կեսին երկու պարկ արդեն լցվել է, օրն առջևում է, դնելու տեղ էլ չունի։ Բազմաթիվ թերթիկների հետ դժվարանում էին կողմնորոշշվել հատկապես տարեցները, օգնության կարիք ունենալու դեպքում տեղում դիմում էին մեկ այլ ընտրողի օգնությանը։

XS
SM
MD
LG