Իրավապահ մարմինները պետք է ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր միջոցները տեղի ունեցածը բացահայտելու համար, հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ)՝ անդրադառնալով «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի նախընտրական ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանի ավտոմեքենայի դիմապակու վրա կրակելու դեպքին:
Մարդու իրավունքների պաշտպանը խիստ մտահոգիչ է համարում Արման Բաբաջանյանի մեքենայի վրա կրակոցը, այն էլ քվեարկության օրը:
«Իրավապահ մարմինները պետք է ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր միջոցները` արագ քննություն ապահովելու և տեղի ունեցածը բացահայտելու համար։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից խնդրի վերաբերյալ գրություն կուղարկվի իրավապահ մարմիններին, հարցը կլինի Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո», - ասված է ՄԻՊ հաղորդագրությունում։
Քննչական կոմիտեն հայտնել է, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ըստ ՔԿ հաղորդագրության՝ քրեական գործը հարուցվել է երկու հոդվածներով՝ Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին [Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս է պատճառել ] և 235-րդ հոդվածի 1-ին մասերով [Ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը]: