Մատչելիության հղումներ

Ժամը 15։00-ի դրությամբ ՄԻՊ-ը ստացել է 59  ահազանգ ու դիմում, ուսումնասիրել է 570 հրապարակում


ՀԱյաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, արխիվ
ՀԱյաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, արխիվ

Ժամը 15։00-ի դրությամբ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմը ստացել է 59 ահազանգ ու դիմում, ուսումնասիրել է 570 հրապարակում:

Համաձայն ՄԻՊ հաղորդագրության՝ ահազանգերը հիմնականում վերաբերել են ընտրատեղամասի մատչելիությանը, հաշմանդամություն ունեցող անձի տեղամասային կենտրոններ ինքնուրույն ներկայանալու անհնարինությանը, ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկելու խնդրին, քվեարկության կարգի խախտմանը և այլն։

«Սոցիալական ցանցերի ու լրատվամիջոցների հրապարակումներով ավելի հաճախ արձանագրված խնդիրների թվում են քվեաթերթիկի տրամադրման կարգի խախտումները, քաղաքացիների, այդ թվում՝ զինծառայողների, ուղղորդված քվեարկության դեպքերը, քվեաթերթիկների սահմանված ձևի խախտումները և այլն», - նշված է հաղորդագրությունում։

ՄԻՊ-ը հաղորդում է, որ ահազանգերով և մշտադիտարկման արդյունքների հիման վրա տարբեր հարցերի վերաբերյալ քննարկումներ են իրականացվել և պարզաբանումներ ստացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, Պաշտպանության նախարարությունից, Նորքի տուն-ինտերնատից, իրականացվել են այցեր Ոստիկանության բաժիններ:

ՄԻՊ-ը հիշեցնում է, որ պաշտպանի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբը վաղ առավոտից իրականացնում է ընտրական գործընթացի անկախ դիտարկում է ինչպես աշխատակազմի կենտրոնական, այնպես էլ Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզային ստորաբաժանումներում: Նշված մարզերից բացի, ներկայացուցիչներ են գործուղվել Սյունիքի մարզ, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի ընտրական իրավունքներին առնչվող հնարավոր բողոքները տեղում ուսումնասիրելու և ըստ անհրաժեշտության՝ արագ արձագանքելու նպատակով:

XS
SM
MD
LG