Մատչելիության հղումներ

Վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր են արձանագրվել ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության կողմից․ դիտորդներ


Մարիամ Հովեյանն ու Արթուր Սաքունցը լրագրողների հետ հանդիպմանը։
Մարիամ Հովեյանն ու Արթուր Սաքունցը լրագրողների հետ հանդիպմանը։

Նախընտրական քարոզչության ընթացքում վարչական ռեսուրս է չարաշահում ոչ միայն իշխանությունը, այլև ընդդիմությունը։

«Ականատես» դիտորդական առաքելության դիտարկումները փաստում են, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքի մարզային հանդիպումներին պարտադրաբար մասնակցել են ոչ միայն համայնքապետարանների, մանկապարտեզների, դպրոցների, այլև դաշինքի թեկնածու Վահե Հակոբյանի հետ առնչվող «Զանգեզուրի» պղնձամոլիբդենային կոմինատի աշխատակիցները։ Պարտադրանքից բացի, նաև որոշ մասնավոր ընկերությունների ղեկավարներ արգելել են աշխատակիցներին մասնակցել այլ ուժերի հանրահավաքների։

«Հայաստանի էլեկտրական ցանցերի Ստեփանավանի տեղամասում տնօրենն աշխատակիցների ստիպում է ձայներ հավաքել «Հայաստան» դաշինքի օգտին և միաժամանակ՝ սպառնում աշխատանքից ազատել նրանց, ովքեր չեն հավաքի։ Կամ արգելում են մասնակցել այլ կուսակցությունների հանրահավաքներին։ Նմանատիպ դեպք եղել է ՀԷՑ-իՏաշիրի տեղամասում։ «Գազպրոմ Արմենիա»-ի Ստեփանավանի և Տաշիրի տարածքային տեղամասերի ղեկավարները աշխատակիցներին ստիպել են «Հայաստան» դաշինքի հանրահավաքին մասնակցել, արգելել են մասնակցել «Քաղաքացիական պայմանագրի» հանրահավաքին։ Դեպքերը շատ են», - ասում է «Ականատես» դիտորդական առաքելության համակարգող Մարիամ Հովեյանը։

Նրա խոսքով, վարաչական ռեսուրսի չարաշահմամբ առաջատարները «Հայաստան» դաշինքն ու իշխանությունն են։

«Քաղաքացիական պայմանագրի» օգտին, Հովեյանի ներկայացմամբ, հատկապես մարզպետարաններն են ակտիվորեն աշխատում․ - «Մարզպետարանից գնում է նամակ դպրոցներին, որ եթե ձեր կոլեկտիվը ցանկանում է մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին Երևանում, մենք կարող ենք տրանսպորտ տրամադրել։ Խնդրում ենք իրազեկել կոլեկտիվին։ Այսինքն՝ առաջարկի տեսքով է, բայց էդ ռեսուրսը որ օգտագործվել է աշխատակիցներին, ավտոբուսը, վառելիքը, աշխատավարձը վարորդի և այլն, հանրային ռեսուրսներ են»։

Մինչդեռ «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունն արձանագրել է, որ ամենից շատ վարչական ռեսուրս հենց ընդդիմությունն է չարաշահել։

Արթուր Սաքունցը պատմական է որակում իրավիճակը, ասում է, թե սրանք առաջին ընտրություններն են, որ վարչական ռեսուրս նաև ընդդիմությունն է կիրառում․ - «25 դեպքերից առավել շատ տարածված է «Հայաստան» դաշինք, «Պատիվ ունեմ» և որոշ դեպքերում նաև իշխանությունը։ Բայց ամենամեծ թիվը՝ «Հայաստան» դաշինք և «Պատիվ ունեմ»»։

«Անկախ դիտորդը» հանցագործության մասին հաղորդումներ է ներակայացրել, մասնավորապես ընդդիմության կողմից կաշառք բաժանելու, խոստանալու դեպքերի առիթով, ասում է Դանիել Իոաննիսյանը․ - «Մասիս քաղաքում փոխքաղաքապետի և, ինչը ավելի էպիկ է, ոստիկանության օպերլիազորների կողմից ընտրակաշառք խոստանալուն «Հայաստան» դաշինքի օգտին։ Վանաձոր քաղաքում, սա էլ նախկինում չհանդիպած արարք է, «Հայաստան» դաշինքի շտաբի աշխատակիցների կողմից ընտրակաշառք խոստանալը նրա համար, որ չընտրեն մեկ այլ քաղաքական ուժի, մասնավորապես՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը»։

Քարոզչության ընթացքում «Ականատես» դիտորդական առաքելությունը նաև բարեգործության դեպքեր է արձանգրել, որը այս ժամանակահատվածում օրենքով է արգելվում։

«Մեկ դեպք արձանագրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Գավառի տարածքային գրասենյակի մասով, երբ համակարգողը սննդամթերքի տեսքով փաթեթներ է բաժանել մոտ 7 հազար դրամ արժողությամբ։ Մեկ դեպք բարեգործության, կաշառռքի խոստման արձանագրվել է դիտորդների կողմից Հայաստանի դեմոկրատական կուսակցության Արմավիրի շտաբում», - փոխանցեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի ղեկավար Ալեքսեյ Պետրոսյանը։

Երկու դիտորդական առաքելությունները դատապարտեցին նախընտրական քարոզչության ընթացքում հնչած ատելության խոսքը։

XS
SM
MD
LG