Մատչելիության հղումներ

Թե՛ Բայդենը, թե՛ Պուտինն ընդգծում են՝ բանակցել են հանգիստ և կառուցողական մթնոլորտում


Շվեյցարիա - ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում են Ժնևում, 16-ը հունիսի, 2021թ.
Շվեյցարիա - ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում են Ժնևում, 16-ը հունիսի, 2021թ.

Երեկ Ժնևում կայացած ռուս-ամերիկյան բանակցություններից հետո ԱՄՆ և Ռուսաստանի նախագահները առանձին ասուլիսներին պատասխանել են լրագրողների հարցերին և խոսել այն մասին, թե ինչի է շուրջ են պայմանավորվել երկու միջուկային գերտերությունների ղեկավարները։

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը բանակցությունների նախօրեին հայտարարել էր, որ բանակցային սեղանին տարածաշրջանային խնդիրների շարքում նաև ղարաբաղյան խնդիրն է: Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը, սակայն, ասուլիսներին Ղարաբաղից չեն խոսել, նրանք խոսել են երկկողմ հարաբերություններից, Ալեքսեյ Նավալնիից, մարդու իրավունքներից և մամուլի ազատությունից, ինչպես նաև Ուկրաինայից։

Երկար սպասված բանակցությունների հիմնական արդյունքներից մեկը թերևս այն է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների դեսպանները վերադառնում են Վաշինգտոն ու Մոսկվա: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահը։

Բանակցությունների արդյունքների մասին խոսել է նաև ԱՄՆ նախագահը՝ շեշտելով, թե դրանց հաջողված կամ չհաջողված լինելու մասին հնարավոր կլինի խոսել վեց ամիս հետո:

Ամեն դեպքում, և՛ Բայդենը, և՛ Պուտինն ընդգծել են, որ բանակցություններն անցել են հանգիստ և կառուցողական մթնոլորտում, իսկ Բայդենն էլ հավելել է, թե չի կարծում, որ Պուտինն ուզում է վերադառնալ «սառը պատերազմի» ժամանակները: «Ոչ ոք չի կարող հետաքրքրություն ունենալ նոր «սառը պատերազմ» սկսելու համար», - ասել է ԱՄՆ նախագահը՝ նշելով, որ ռուսաստանցի պաշտոնակիցը նույնպես չի ցանկանում այն: «Այժմ գրկախառնությունների ժամանակը չէ, բայց ժամանակը չէ նաև նոր «սառը պատերազմի» համար», - հավելել է նա՝ նշելով բանակցություններում Պուտինի «լավ» և «դրական» տոնը:

Բայդենի խոսքով՝ կարևոր էր անձամբ շփվել Պուտինի հետ։ ԱՄՆ նախագահը կարծիք է հայտնել, թե Ռուսաստանի նախագահը վախենում է, որ իր երկիրը շրջապատված է թշնամիներով, իսկ Միացյալ Նահանգները ձգտում է տապալել նրան: Բայդենը, սակայն, ընդգծել է, որ ԱՄՆ-ի գործողություններն ուղղված չԷ Ռուսաստանի դեմ։ Հակառակը, նրա խոսքով ՝ «ռուս-ամերիկյան հարաբերությունները պետք է լինեն կայուն և կանխատեսելի»:

Պուտին էլ Բայդենի հետ երեկվա հանդիպումը դրական է գնահատել, ընդգծելով, թե դրա ընթացքում «ոչ մի թշնամանք չի եղել»։ Մոսկվայի և Վաշինգտոնի գնահատականները տարբեր հարցերի շուրջ տարբերվում են, բայց, այնուամենայնիվ, երկու կողմերն էլ միմյանց հասկանալու ցանկություն են հայտնել, և զրույցը կառուցողական է ստացվել, ասել է Ռուսաստանի նախագահը: «Ես հերթական անգամ համոզվեցի, որ նախագահ Բայդենը փորձառու մարդ է», - նշել է Պուտինը:

Տարաձայնությունները, սակայն, երկու պետությունների միջև պահպանվում են, և «Իվ Ռոշե»-ի գործով դատապարտված Կրեմլի կոշտ քննադատ Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակը դրանցից մեկն է։ Մամուլի ասուլիսի ժամանակ Ջո Բայդենին բազմիցս հարցրել են Նավալնիի մասին։ Միացյալ Նահանգների նախագահը ևս մեկ անգամ հավաստիացրել է, որ ինքը Պուտինին նախազգուշացրել է. -- «Ռուսաստանի համար հետևանքներն ավերիչ կլինեն, եթե ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին, որը դատապարտվել է «Իվ Ռոշե»-ի գործով, մահանա գաղութում»:

ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների հանդիպումն անցել է ռուս-ամերիկյան հարաբերությունների կտրուկ վատթարացման ֆոնին, սակայն հատկապես Վաշինգտոնը միշտ ընդգծել է, որ չնայած լուրջ և խորը տարաձայնություններին՝ կան հարցեր, որոնց շուրջ Մոսկվայի հետ անհրաժեշտ է համագործակցել: Դրանք, իհարկե, առաջին հերթին գլոբալ անվտանգության հետ կապված հարցերն են, որի մասին երկու նախագահները երեկ համատեղ հայտարարություն են ստորագրել։ Բացի այդ՝ ԱՄՆ-ը և Ռուսաստանը պայմանավորվել են համատեղ ջանքեր գործադրել, որպեսզի թույլ չտան Իրանին միջուկային զենք ձեռք բերել: Բայդենը շեշտել է նաև, որ կարևոր է թույլ չտալ Աֆղանստանում ահաբեկչության վերածնունդը, և որ այս հարցում նույնպես Միացյալ Նահանգների և Ռուսաստանի շահերը համընկնում են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG