Մատչելիության հղումներ

Էրդողանը Հայաստանին կոչ է արել նոր դարաշրջան սկսել Հարավային Կովկասում


Ռեջեփ Էրդողանը Հայաստանին կոչ է արել նոր դարաշրջան սկսել Հարավային Կովկասում՝ նորմալացնելով հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ։

Այսօր ելույթ ունենալով Ադրբեջանի խորհրդարանում` նա ասել է, որ Հարավային Կովկասում երկարատև խաղաղությունը հնարավոր է փոխադարձ անվտանգության վրա հիմնված` տարածաշրջանի երկրների ու ժողովուրդների միջև համագործակցության միջոցով։

«Ոչ միայն Ադրբեջանը, այլև տարածաշրջանի բոլոր երկրները, ներառյալ Հայաստանն ու ամբողջ աշխարհը կշահեն Կովկասում խաղաղությունից ու հանդարտությունից»,- ասել է նա, հավելելով, թե «Զանգեզուրյան միջանցքը օգուտներ կտա ոչ միայն Թուրքիային կամ Ադրբեջանին, այլև հայերը կարող են դուրս գալ իրենց իսկ ստեղծած մեկուսացումից», երկաթուղային ճանապարհով գնալ Ռուսաստան ու աշխարհի այլ հատվածենր։

Նրա խոսքով՝ Թուրքիայի հետ սահմանի բացումը անկասկած դրական նշանակություն կունենա Հայաստանի համար։

Տարածաշրջանի երկարատև խաղաղության և կայունության համար Էրդողանը կրկնել է վեց երկրների ձևաչափով համագործակցության պլատֆորմ ստեղծելու իր առաջարկը, որի մեջ կմտնեն Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրանը, Վրաստաննն ու Հայաստանը։

Նա հայտնել է, որ Վրաստանը որոշ հարցեր ունի, բայց Վրաստանի ղեկավարի հետ վերջին հանդիպմանը ինքը պարզաբանել է, թե ինչպես է զարգանալու պրոցեսը, և նա խոստացել է ուսումնասիրել առաջարկը։

Էրդողանը ևս մեկ անգամ ընդգծել է Ադրբեջանի կողքին կանգնելու Թուրքիայի վճռականությունը, ասելով. «Թուրքիան բոլոր միջոցներով այսօր կանգնած է Ադրբեջանի կողքին, և ամբողջ աշխարհը գիտի, որ վաղը ևս մենք կանգնած ենք լինելու ձեր կողքին»:

Նա հավաստիացրել է, որ ապագայում ևս Թուրքիան բոլոր ոլորտներում աջակցելու է Ադրբեջանին։

XS
SM
MD
LG