Մատչելիության հղումներ

Բայդենը հանդիպել է ԵՄ ղեկավարներին. նախօրոք ասվել էր, որ օրակարգում ընդգրկված է նաև Ղարաբաղի հարցը


Այսօր Բրյուսելում կայացել է Եվրամիություն-ԱՄՆ գագաթնաժողովը, և ըստ նախօրոք հայտարարված օրակարգի՝ տարածաշրջանային խնդիրների շարքում ընդգրկված էր նաև Լեռնային Ղարաբաղի հարցը։

«Ամերիկան վերադառնում է»,- ասել է Բայդենը` ժամանելով Եվրամիության կետրոնակայան։

Նրան ողջունել են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն-դեր Լայենը։

«Հարգելի՛ նախագահ, սիրելի՛ Ջո, Դուք վերադարձաք Բրյուսել, և Ամերիկան վերադարձավ միջազգային ասպարեզ։ Դա հրաշալի նորություն է, հրաշալի նորություն է նաև մեր դաշնակիցների, ամբողջ աշխարհի համար։ Մենք շատ ուրախ ենք համատեղ աշխատել մի շարք գլոբալ կարևոր մարտահրավերներ միասին լուծելու համար»,- ասել է Շառլ Միշելը։

ԵՄ ներկայացուցիչը, նախօրեին կայացած բրիֆինգում ներկայացնելով ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողովի օրակարգում ընդգրկված հարցերը, ասել էր, որ քննարկվելու են նաև Լեռնային Ղարաբաղի իրավիճակն ու Թուրքիայի հետ հարաբերությունները։

ԱՄՆ-ի նախորդ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման շրջանում որոշ լարվածություն էր առաջացել Բրյուսելի և Վաշինգտոնի միջև։ Թրամփը բարձրացրել էր մաքստուրքերը Եվրոպայից ներմուծվող ապրանքների համար, ինչպես նաև աջակցում էր Բրիտանիային Եվրամիությունից դուրս գալու համար։

«Ռոյթերս» գործակալությունը, վկայակոչելով իր ձեռքի տակ գտնվող փաստաթղթերի նախագծերը, հաղորդում է, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը հիմա մտադիր են 5 տարվա ընթացքում չեղարկել ավելի քան 11 միլիարդ դոլարի մաքսատուրքերը Եվրամիությունից ԱՄՆ ներմուծվող գինիների, սիգարետների ու սպիրտային խմիչքների համար։ Կողմերը մտադիր են հրաժարվել նաև մետաղի ու ալյումինի վրա դրված բարձր մաքսատուրքերից։

ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողովն ավարտվել է։ Ջո Բայդենը մեկնել է Ժնև, որտեղ վաղը հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG