Մատչելիության հղումներ

Ըստ իրավապաշտպանի՝ հայ գերիների դատավարություններով Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե նրանք ռազմական հանցագործներ են


Հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպանները, հետևելով Բաքվում մեկնարկած դատավարություններին, շեշտում են՝ այդ գործերով Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե նրանք ռազմական հանցագործներ են։

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը համոզված է՝ այդ գործերի նյութերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) քննվելուց հետո ակնհայտ կդառնա, որ դրանք ապօրինի են։

«Ուղղակի Ադրբեջանի իշխանությունները միջազգայնորեն հրապարակել են դիրքորոշում, որ Ադրբեջանում պահվողները ոչ թե ռազմագերիներ են, այլ հանցագործներ, ուստի իրենց պաշտոնական վարկածը հիմնավորելու համար շինծու քրեական գործեր են հարուցում, որպեսզի աջակցեն պաշտոնական վարկածին», - ասաց իրավապաշտպանը։

Սահակյանը Եվրադատարանում ներկայացնում է Ադրբեջանի ռազմական դատարանում դատվող հայ ռազմագերի 51-ամյա Լյուդվիգ Մկրտչյանի շահերը։ Բաքուն Մկրտչյանին ու 54-ամյա Ալյոշա Խոսրովյանին մեղադրում է պատերազմի կանոնները խախտելու, Ադրբեջանի պետական սահմանը անօրինական անցնելու, զինված խմբավորում ձևավորելու համար։ Ըստ մեղադրանքի, նրանք արցախյան առաջին պատերազմի ժամանակ խոշտանգել են ադրբեջանցի գերիներին։

Սիրանուշ Սահակյանը կարծում է՝ այս և մյուս քրեական գործերը հիմնված են կորզված ինքնախոստովանական ցուցմունքների, ինչպես նաև իբր տուժողների հայտարարությունների վրա։

«Իհարկե տրամաբանություն չկա Ադրբեջանի գործելակերպում, և մենք կարող ենք ամեն ինչի հանդիպել՝ սկսած խոշտանգումներ, որ իբր որոշ ռազմագերիներ դեռևս 90-ական թվականներին խոշտանգել են ադրբեջանցի ռազմագերիներին, գնդակահարություներ են կատարել, սպանություններ են իրականացրել, նրանց հարկադիր աշխատանքի մեջ են ներգրավվել և այլն», - ասաց իրավապաշտպանը։

44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված երկու հայ ռազմագերներիների՝ Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի դատավարությանը ներկայացած տուժողները, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, պատմել են մոտ 30 տարվա վաղեմության դեպքերի մասին և պնդել, թե մեղադրյալները իրենց դաժան կտտանքների են ենթարկել։

Բացի Մկրտչյանի և Խոսրովյանի դատավարությունից, Բաքվի ռազմական դատարանում սկսվել են նաև 44-օրյա պատերազմի ավարտը ազդարարող եռակողմ հայտարարությունից հետո Շուշիի տարածքից գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանի դատավարությունը։ Հայաստանի և Լիբանանի քաղաքացուն ադրբեջանական դատախազությունն առաջարկել է դատապարտել 20 տարվա ազատազրկման՝ վարձկանության և ահաբեկչության համար։

Հունիսի 16-ին էլ սկսվում է եռակողմ հայտարարությունից հետո այդ պահին հայկական վերահսկողության տարածքից գերեվարված Խծաբերդի 14 պահեստազորայինների դատավարությունը։

Ու մինչ Ադրբեջանում մեկը մյուսի հետևից դատում են հայ ռազմագերիներին, հայկական կողմը պահանջում է անհապաղ վերադարձնել բոլոր գերիներին՝ առանց նախապայմանների՝ մատնացույց անելով անցած տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որում կետ կա ռազմագերիների ու ձերբակալված անձանց փոխանակման մասին։

XS
SM
MD
LG