Մատչելիության հղումներ

Դեսպանի՝ ապրիլին Սյունիք կատարած այցն այլ պաշտոնյաների այցերի հետ կապ չուներ, պարզաբանում է ԱՄՆ դեսպանությունը


Հայաստանում ԱՄՆ դեսպանի՝ ապրիլին Սյունիք կատարած այցը այլ պաշտոնյաների այցերի հետ կապ չուներ, և Սյունիքում գտնվելու ընթացքում դեսպան Լին Թրեյսին չի հանդիպել կամ խոսել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կամ նախագահ Արմեն Սարգսյանի հետ, պարզաբանում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը՝ նշելով, որ վերջին շաբաթների ընթացքում մի քանի պարբերականներում նկատել են հրապարակումներ ապրիլին դեսպան Լին Թրեյսիի Սյունիք կատարած այցի վերաբերյալ, «որոնցում ներկայացվում են սխալ տեղեկություններ»։

Ըստ դեսպանության՝ Լին Թրեյսին Սյունիք էր մեկնել տեղի պաշտոնյաներից և ԱՄՆ դեսպանության ծրագրերի գործընկերներից անձամբ տեղեկանալու համավարակի և պատերազմի կրկնակի հարվածների հետևանքով ստեղծված իրավիճակի մասին։

«Դեսպանը նաև հանդիպել էր ԱՄՆ կառավարության դրամաշնորհային ծրագրերի շահառուներին և քննարկել համագործակցության շարունակականությունը ապահովելու ուղիներն՝ ի աջակցություն Սյունիքի վերականգման ու զարգացման», - ասված է դեսպանության հայտարարությունում:

ԱՄՆ դեսպանը Սյունիքում է եղել ապրիլի 18-ից 22-ը, այդ օրերին առանձին այցելություներով մարզում էին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Սա մամուլում որոշ քննարկումների առիթ է դարձել։

XS
SM
MD
LG