Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»։
Կառավարությունից տեղեկացնում են, որ վարչապետի պաշտոնակատարին պարզաբանումներ են ներկայացվել Աբովյանի դիահերձարանից օրեր առաջ հրապարակված հայտնի կադրերի կապակցությամբ։ Զեկուցվել է, որ մարմինները Աբովյանի դիահերձարան էին տեղափոխվել ԴՆԹ նմուշառում իրականացնելու և նույնականացնելու նպատակով, քանի որ ԴՆԹ հետազոտությունների համար անհրաժեշտ սարքը գտնվում է Աբովյանի գիտագործնական կենտրոնում։ Այժմ մարմինները գտնվում են Մարտունու դիահերձարանում և պահվում են համապատասխան սառնարանային պայմաններում։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Կառավարությունը հետևողական է լինելու համակարգի արագ բարեփոխման, անհրաժեշտ մասնագիտական ու աշխատանքային կարողությունների ձևավորման գործում և հանձնարարել պատասխանատուներին ուշադրության կենտրոնում պահել գործընթացը։
Օրերս տելեգրամ ալիքները Աբովյանի դիահերձարանից լուսանկարներ էին տարածել, որոնցում նկուղում, գետնին անփութորեն լցված պարկեր էին՝ զինվորների մարմիններով ու մասունքներով:
Առողջապահության նախարարությունը հաստատել էր, որ լուսանկարները հենց դիահերձարանից են. մարմինները նույնականացված են, հարազատներին են սպասում, մինչև այդ ժամանակավորապես պահվում են Կենտրոնի ջերմամեկուսիչ պատերով նկուղային հարկում։
Այս հարցը օրեր առաջ կառավարության նիստում է բարձրացվել, Փաշինյանը նշել էր, որ սա ամենևին էլ կառավարության վերաբերմունքը չէ զոհերի նկատմամբ:
Աբովյանի մասնաճյուղում տեղի ունեցած փաստի կապակցությամբ Քննչական կոմիտեում հարուցվել է Քրեական գործ՝ քրեական օրենսգրքի երկու հոդվածով: