Մատչելիության հղումներ

Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է Խոդորկովսկու հիմնադրած «Բաց Ռուսաստան»-ի նախկին ղեկավարը


Ռուսաստան - «Բաց Ռուսաստան»-ի նախկին ղեկավար Անդրեյ Պիվովարովի ձերբակալությունը, Սանկտ Պետերբուրգ, 1-ը հունիսի, 2021թ․
Ռուսաստան - «Բաց Ռուսաստան»-ի նախկին ղեկավար Անդրեյ Պիվովարովի ձերբակալությունը, Սանկտ Պետերբուրգ, 1-ը հունիսի, 2021թ․

Երեկ երեկոյան Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է Կրեմլի քննադատ Միխայիլ Խոդորկովսկու հիմնադրած «Բաց Ռուսաստան» կազմակերպության նախկին ղեկավար Անդրեյ Պիվովարովը։

Իրավապահները նրան բերման են ենթարկել օդանավից։ «Թռիչքից րոպեներ առաջ ինքնաթիռ մտան ոստիկաններն ու ինձ ասացին, որ գտնվում եմ հետախուզման մեջ», - պատմել է Պիվովարովը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին։ Արդյունքում, դեպի Վարշավա ուղևորվող ինքնաթիռն օդ է բարձրացել ավելի քան մեկուկես ժամ ուշացումով։

Քննչական կոմիտեն հաղորդել է, թե ակտիվիստը քարոզչական նյութեր է տարածել «Բաց Ռուսաստան»-ի մասին, որը Ռուսաստանում ճանաչված է որպես «անցանկալի կազմակերպություն»։ Եթե մեղադրանքն ապացուցվի, Պիվովարովին սպառնում է 2-ից մինչև 6 տարվա ազատազրկում։

«Անցանկալի կազմակերպությունների» մասին օրենքը Ռուսաստանում ընդունվել է 2015 թվականին, դրա համաձայն՝ այդ որակումը կարող է տրվել այն օտարերկրյա կամ միջազգային ոչ կառավարական կազմակերպություններին, որոնց գործունեությունը, ըստ իշխանությունների, վտանգում է Ռուսաստանի սահմանադրական կարգը, մարտունակությունը կամ անվտանգությունը։ Իրավապաշտպանները, մինչդեռ, պնդում են, թե այն հերթական գործիքն է՝ Կրեմլի քննադատներին լռեցնելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG