Մատչելիության հղումներ

Նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանը քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին


Նախագահ Արմեն Սարգսյանն ու Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը այսօր կայացած հանդիպման ընթացքում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:

Ինչպես հաղորդում է նախագահի աշխատակազմը, Թաթոյանը նախագահին է ներկայացրել Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փաստահավաք գործունեության արդյունքները՝ ընդգծելով, որ ադրբեջանական զինծառայողների անօրինական ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում բացահայտ ոտնձգություն է ՀՀ ողջ բնակչության ու առաջին հերթին` սահմանային բնակիչների իրավունքների նկատմամբ:

Օմբուդսմենն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ սահմանային բոլոր հատվածներով և, հատկապես, Սյունիքի ու Գեղարքունիքի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու հայեցակարգի իրականացումը իրական հնարավորություն կստեղծի քաղաքացիների իրավունքների պաշտպանության և անվտանգության համար:

Նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել են պետական համապատասխան կառույցների կողմից Հայաստանի բնակչության անվտանգության ու իրավունքների պաշտպանությանն ուղղված գործուն քայլերի իրականացումը, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ ակտիվ աշխատանքը՝ ադրբեջանական զինված ուժերի անօրինական արարքները կանխելու և նման որևէ դրսևորում ապագայում թույլ չտալու համար:

Պաշտոնական Երևանը հաղորդում է, որ մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:

XS
SM
MD
LG