Մատչելիության հղումներ

Իրանը կողմնակից է խնդիրների խաղաղ կարգավորմանը՝ հարգելով երկրների տարածքային ամբողջականությունը, շեշտեց Զարիֆը


Իրանը տարածաշրջանում կողմնակից է խնդիրների խաղաղ կարգավորմանը՝ հարգելով երկրների տարածքային ամբողջականությունն և ժողովուրդների իրավունքները, այսօր Հայաստանի արտգործնախարարությունում տեղի ունեցած բանակցություններին հաջորդած ճեպազրույցում հայտարարեց Իրանի արտգործնախար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։

«Ցանկացած սրացման դեպքում, առավել ևս եթե դրա հետևանքով կողմերից մարդիկ են զոհվում, մեզ մտահոգում է և ցանկանում ենք, որ հարցն արագ ու խաղաղ լուծվի», - ասաց Զարիֆն՝ ընդգծելով, որ ցանկանում են աջակցել հարցի խաղաղ կարգավորմանը։

Պաշտոնական Երևանը հաղորդում է, որ մայիսի 12-ից սկսած առնվազն երեք ուղղություններով Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցիները չեն հեռանում, նրանք փաստացի ամրացել են մի քանի կիլոմետր խորության վրա։ Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի սահմաններին պարբերաբար միջադեպեր են գրանցվում: Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:

Երեկ էլ Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել , կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում զոհվել է կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը։ Ադրբեջանի պնդում է, որ առնչություն չունի հայաստանցի զինծառայողի զոհվելու հետ։

«Ադրբեջանը փորձում է ստեղծել աշխարհաքաղաքական նոր իրողություններ»

Այսօր ավելի վաղ Իրանի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդգծել է՝ Ադրբեջանը փորձում է ստեղծել աշխարհաքաղաքական նոր իրողություններ, որոնք չեն բխում տարածաշրջանային կայունությամբ շահագրգիռ երկրների շահերից։

«Աներկբա է, որ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված այս ոտնձգությունն ուղիղ հետևանքն է անցած տարվա սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման և կյանքի իրավունքի դեմ սանձազերծված պատերազմի, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղությունը վտանգելու Ադրբեջանի գործողությունների ոչ համարժեք միջազգային և տարածաշրջանային արձագանքի: Գոտեպնդված անպատժելիության զգացումով՝ Ադրբեջանը փորձում է ստեղծել աշխարհաքաղաքական նոր իրողություններ, որոնք չեն բխում տարածաշրջանային կայունությամբ շահագրգիռ երկրների շահերից։ Այս պայմաններում մեր տարածաշրջանային գործընկերների հետ երկխոսությունն առավել քան կարևոր է», - ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Զարիֆի այցը Հայաստան մեկնարկել է այսօր։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է Արա Այվազյանը։

Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ:

Զարիֆը երեկ Բաքվում էր։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Իրանի արտգործնախարարը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև կրակը դադարեցնելուց հետո տարածաշրջանի առկա իրավիճակը, հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը, ինպես նաև Ադրբեջանի, Իրանի ու Հայաստանի միջև հաղորդակցության միջանցքներն ու երկաթուղային ուղիները։

Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ Զարիֆը նաև շնորհավորել է Ալիևին ադրբեջանական հողերը վերադարձնելու համար:

XS
SM
MD
LG