Մատչելիության հղումներ

Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի սահմաններին պարբերաբար միջադեպեր են գրանցվում


13-րդ օրն է Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցիները չեն հեռանում՝ Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի սահմաններին պարբերաբար միջադեպեր են գրանցվում: Երեկ էլ Սյունիքի մարզի Արավուս գյուղից են ադրբեջանցիները 42 կով տարել:

«Սահմանին արածեցնում էր հովիվը, իջել են հետևից, ինքն էլ չի իմացել, որ կիջնեն հետևից հավաքեն, 42 հատ տարել են, 39 հատ հետ ենք բերել», - ասաց Արավուսի համայնքապետ Արգամ Հովսեփյանը:

Համայնքապետն ասում է՝ արավուսցի հովիվը հոտը գյուղի տարածքում էր արածեցնում, ադրբեջանցիներից 50 մետրի վրա, նրանք են հայկական տարածք մտել և նախիրը տարել , նաև հովիվի հեռախոսը. «Բա ես իմանո՞ւմ եմ ինչի են վերցրել, հովիվին մի քիչ քաշքշել են»:​

Համայնքապետն ասաց՝ բանակցում են մնացած երեք կովերին վերադարձնելու համար։ Օրեր առաջ էլ մի քանի տասնյակ ադրբեջանցիներ Խոզնավար գյուղի տարածք էին մտել՝ իրենց դիրքեր գնալու համար:

«Աջ թևից ​մտել են էդ ձորակով մտել, որ բարձրանան գնան իրանց ձախ թևի պոստերը համալրեն, վրա տվինք 4 հոգով, հետ տվինք, գնացին», - պատմեց Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Ներսես Շադունցը:

Որևէ նոր միջադեպ չի գրանցվել, ասաց Ներսես Շադունցը: Տեղ գյուղի կազմում Խոզնավարից բացի ևս 6 գյուղեր են, բոլորը՝ սահմանամերձ։ Տեղը Ադրբեջանի հետ այժմ 60 կիլոմետրանոց սահման ունի: «Զինել եմ մարդկանց», - ասաց համայնքապետը:

«Ժողովուրդը հերթապահություն են անում, մեր սահմանապահ զորքը կանգնած ա, մեր բանակային կորպուսը կանգնած ա», - ասաց Շադունցը:

Գորիսի Սև լճի բարձունքներում, Գեղարքունիքի Վերին Շորժա, Կութ, Նորաբակ հայկական տարածքներում կիլոմետրերով խորացած ադրբեջանցիները առայժմ ոչ թե հեռանում են, այլ դիրքավորվում։ Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի վարչական տարածքում այժմ ադրբեջանցիներն են ամրանում, ասում է Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը: Ի դեպ՝ ըստ Պաշտպանության նախարարության՝ հայկական զինված ուժերը վերահսկում են իրադրությունը` շարունակելով արգելափակված պահել ադրբեջանցի զինվորականներին։

«Նույն վիճակով կանգնած են, իրանց տեղակայված մասերում իրանք ամրապնդվում են, հայկական տարածքում», - ասաց Ավետյանը:

Այս ամենը տեղի է ունենում Կութում ապրող մարդկանց տներից մի քանի կիոլմետրի վրա, ամրանում են կութեցիների արոտավայրերում. «Միջադեպեր չունենք, խուճապ չկա, ինձ թվում ա դեռ հույս ունենք, որ հնարավոր ա լինելու դրանց հետ շպրտել»:​

Խնդիրը քաղաքական-դիվանագիտական ճանապարհով լուծելու Հայաստանի պատրաստակամությունն է վերահաստատել արտգործնախարարի պաշտոնակատարը։ Արա Այվազյանը ընդունել է Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններին ու դարձյալ ընդգծել՝ ադրբեջանական զինված ուժերը պետք է անհապաղ ու անվերապահ լքեն Հայաստանի տարածքը։

Ադրբեջանական զինուժը Հայաստան մտավ մայիսի 12-ին՝ անցավ Գորիսի տարածաշրջանի Սև լիճն ու հաստատվեց Վերիշեն գյուղի սահմանին: Հաջորդող օրերին ադրբեջանցիները ներթափանցեցին մի քանի այլ ուղղություններով։ Ըստ պաշտոնական աղբյուրների՝ սկզբում նրանք 250 հոգի էին, հետո՝ 500-600: Պաշտպանության նախարարությունը սահմանային իրավիճակի վերաբերյալ այսօր պաշտոնական տեղեկատվություն չի տրամադրել, կիրակի ասել էին՝ իրավիճակը կայուն է։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG