Մատչելիության հղումներ

Ինչ փաստաթուղթ է պատրաստվում ստորագրել Փաշինյանը. բանավեճ


Ի՞նչ փաստաթուղթ է պատրաստվում ստորագրել Փաշինյանը. թեմայի շուրջ «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականի» տաղավարում բանավիճում են իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն ու ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։

Բանավեճից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Անկլավների թեմային անդրադառնանք․ այս քննարկումների շրջանակներում դա էլ է բարձրացվում։ Իշխանությունից հերքում են, թե կա նման պայմանավորվածություններ Տավուշի անկլավային 7 բնակավայրերի և Արարատի մարզի Տիգրանաշենի՝ Քյարքիի, հանձնման կամ Արծվաշենի հետ փոխանակման շուրջ, բայց միևնույն ժամանակ չեն էլ բացառում, թե մի օր կարող են դառնալ քննարկման թեմա։ Եթե չկա նման հեռանկար, պարոն Եղոյան, ինչո՞ւ կտրուկ չհերքել։ Կան տեսակետներ, որ հանձնելն անվտանգային առումով խիստ վտանգավոր կլինի։

Արման Եղոյան․ - Իհարկե վտանգավոր կլինի, դա պարզ բան է, հիմա իրենց փորձագետ համարող մարդիկ են հայտնվել, ովքեր կարմիրով նշում են քարտեզի վրա ու բացատրում են, թե ինչու է դա վտանգավոր։ Ակնհայտ է, որ դա վտանգավոր կլինի, եթե նման բան կլինի, բայց էս հանձնաժողով ստեղծելու համաձայնության մեջ նման նախապայման չկա ու չի էլ կարող լինել, բա հանձնաժողովը հենց դրա համար է ստեղծվում։

«Ազատություն»․ - Նախապայման չկա, բայց վարչապետի պաշտոնակատարը Արծվաշենի թեման է բարձրացնում, այդ դեպքում ինչո՞ւ է բարձրացնում, ուղիղ կապ են տեսնում։

Արման Եղոյան․ - Վարչապետն ուզում է ասել՝ «դուք ինչո՞ւ եք ադրբեջանական քարոզչությունը բերում էստեղ, մեր քարոզչությունը տարեք էնտեղ, դուք էլ էնտեղ պանիկա սերմանեք իրենց մեջ»։

«Ազատություն»․ - Մարդիկ էլ ասում են՝ «Արծվաշենով փոխանակումը վտանգավոր կլինի»։

Արման Եղոյան․ - Չէ, էստեղ խոսքը քարոզչական մակարդակի մասին է։

«Ազատություն»․ - Պարոն Եղոյան, ես Ձեզ տեսակետներն եմ փոխանցում։

Արման Եղոյան․ - Ես էլ Ձեզ ասում եմ վարչապետի ասածի աղը, բովանդակությունը, որ ադրբեջանական քարոզչությունն էդ անկլավների հետ կապված այսօր մտել է Հայաստան, ասում է՝«դուք էլ մեր Արծվաշենի հետ կապված հարցի վերաբերյալ էնտեղ քարոզչություն արեք, ինչի՞ եք տրվում նրանց սադրանքներին»։

«Ազատություն»․ - Նման հարց չի՞ կարող երբևէ առաջանալ այս հանձնաժողովի աշխատանքների շրջանակում։

Արման Եղոյան․ - Ադրբեջանը կարող է հարց բարձրացնել, մենք էլ պետք է մերժենք։

«Ազատություն»․ - Ձեր իշխանության համար դա անընդունելի՞ է։

Արման Եղոյան․ - Այո՛, անվտանգայնի տեսանկյունից ակնհայտ է, որ դա անընդունելի է։

Գևորգ Գորգիսյան․ - Շատ անվստահ ասեցիք այո-ն, պարոն Եղոյան։

«Ազատություն»․ - Ինչո՞ւ չեք վստահում, պարոն Գորգիսյան։

Գևորգ Գորգիսյան․ - Որովհետև մինչ այդ ասվող տեքստն ավելի վստահ էր հնչում, քան էդ այո-ն, բայց կրկնեմ՝ այստեղ սահմանազատման և սահմանագծման պրոցեսները վտանգավոր չեն, բայց դրանք դառնում են աղետ, երբ դրանով պետք է զբաղվի Փաշինյանը, ինչո՞ւ, որովհետև նա իր տեքստում՝ Ազգային ժողովում, մինչ էդ ասում էր՝ «չկա, էդ հարցերը չեն բարձրացվում, չեն քննարկվելու իշխանության կողմից», ես շատ ուրախ էի և ես իրոք հույս ունեի, որ էդ հարցերին անդրադարձ այլևս երբեք չի լինի, բայց հանկարծ գալիս է վարչապետն Ազգային ժողով և էն ֆոնին, երբ ամբողջ համացանցն էսպես թնդում է, որ «հեսա հողեր են տալու», «Տավուշն են տալիս» և այլն, բոլորը սպասում են, որ կգա ու մի հուսադրող բան կասի, հանրությունը կհանգստանա, շունչ կքաշի, կասի՝ «լավ, ամեն ինչ կորած չէ, գնանք առաջ», ասում է՝ «Հայաստանի զինված ուժերի տիրապետության տակ են գտնվում Խորհրդային Ադրբեջանի մաս կազմող գյուղեր»։ Պարոն Եղոյան, մենք ո՞ւմ կողմից ենք, էս հարցն է առաջ գալիս։

Արման Եղոյան․ - Բա Դուք ո՞ւմ կողմից եք։

Գորգիսյան․ - Մենք Հայաստանի կողմից ենք, որն այսօր արդեն ունի սահմաններ, որտեղ կանգնած է հայ զինվորը և այդ սահմանները ճանաչված են, բայց վարչապետը գալիս ասում է՝ «էդ սահմաններում կա տարածք, որն Ադրբեջանինն է», սա անթույլատրելի է, պարոն Եղոյան։

Արման եղոյան․ - Ո՛չ, խոսքը կիսատ մի ասեք, վարչապետն ասել է, որ «էսօր մեր զորքերը ոնց որ կանգնած են, եթե թղթերով ենք նայում էն կողմում էլ իրենց սովետական ժամանակների ինչ-որ արոտավայրեր, հանդամասեր և այլն, էս կողմում էլ մեզանից էլ ոչ պակաս քանակով իրենց կողմում են, էստեղ խոսքը նրանում էր, որ եթե ինչ-որ պահանջելու բան լինի մենք էլ կարող ենք պահանջել էն, ինչ-որ մնացել է իրենց կողմում»։

Բանավեճն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև

XS
SM
MD
LG