Մատչելիության հղումներ

Պարտության միակ պատասխանատուն Փաշինյանը չէ, շեշտում է Տեր-Պետրոսյանը


Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքով՝ թեև ընդդիմադիր ուժերի մեծամասնության գլխավոր թեզն այն է, որ ղարաբաղյան վերջին պատերազմում կրած պարտության միակ պատասխանատուն և միակ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, սակայն, ըստ Տեր-Պետրոսյանի, պարտության միակ պատասխանատուն Փաշինյանը չէ։

ilur.am-ում հրապարակված ծավալուն հոդվածում առաջին նախագահն ընդգծել է՝ 1997 թվականից ի վեր՝ Հայաստանի բոլոր կուսակցությունները, բացի ՀՀՇ-ից, վիժեցնելով փոխզիջումային լուծման ամենանպաստավոր հնարավորությունը, որդեգրեցին ստատուս-քվոյի պահպանման ու փոխզիջումների մերժման կործանարար ուղեգիծը: Այն, ըստ Տեր-Պետրոսյանի, դարձավ Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչախմբերի պետական մակարդակի բարձրացված քաղաքականություն, հասցնելով այն աղետին, ինչում նրանք այսօր մեղադրում են միայն Փաշինյանին:

«Պատասխանատվության իր բաժինն ունի նաև, այսպես կոչված, ազգի վերնախավը՝ էլիտան․ այն է՝ մտավորականության, քաղաքագետների, վերլուծաբանների, լրագրողների, ակադեմիական գիտնականների, բուհական պրոֆեսուրայի ճնշող մեծամասնությունը և Սփյուռքի գրեթե բոլոր ազգային կառույցների առաջնորդները: Մի խոսքով` ողջ այն ուժերը, որոնք հայդատականությունը, պահանջատիրությունը և ոչմիթիզականությունը դարձրել էին հայության ազգային դավանանքը, ընդ որում, նույնքան անքննելի, որքան Աստվածաշունչը: Պատկերավոր ասած՝ թվարկածս բոլոր ուժերը, Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ դերակատարությամբ, փայլուն կերպով իրականացրին Վազգեն Սարգսյանի երկու «պատվիրանները», - հայտարարել է Լևոն Տեր-Պետրոսյանը՝ շարունակելով․ - «Արյունով նվաճված հողը թղթով չեն հանձնում», այսինքն՝ հանձնում են ավելի մեծ արյունով, ինչը և տեղի ունեցավ, «Փոխզիջման կգնանք այն ժամանակ, երբ հարկադրված կլինենք», իսկ հարկադրված լուծումը ոչ այլ ինչ է, եթե ոչ կապիտուլյացիա, ինչը նույնպես իրականություն դարձավ: Արդարացի լինելու համար, պարտքս եմ համարում նշել, որ, ի պատիվ իրեն, Վազգենը, թեև ուշացած, զգաց իր սխալը և փորձեց այն ուղղել Կարեն Դեմիրճյանի հետ կնքած դաշինքի միջոցով: Հավատացած եմ, որ այդ դաշինքը, Վազգեն Սարգսյանի կողմից իր սխալի վերագնահատմամբ, զուգակցված Կարեն Դեմիրճյանի իմաստնությամբ, կարող էր ղարաբաղյան կարգավորման գործընթացը վերադարձնել իրատեսական հուն: Սակայն Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը վերջ դրեց այդ հուսադրող զարգացմանը»:

Առաջին նախագահի համոզմամբ, ժողովուրդը երկրին բաժին ընկած աղետում ոչ մի մեղք չունի, պատրության մեջ մեղք չունի նաև բանակը: «Մենք իրականում պարտվել ենք ոչ թե Ադրբեջանին, այլ քաղաքական մտքի տհասության պատճառով ինքներս ենք այդ պարտությունը բերել մեր գլխին», - նշել է Տեր-Պետրոսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG