Մատչելիության հղումներ

ԱԳՆ խոսնակը հայտարարում է՝ Հայաստանը մերժում է «այսպես կոչված «վիճելի տարածքներ» կեղծ օրակարգի ներմուծումը»


Ուժի կիրառմամբ կամ դրա սպառնալիքի օգտագործմամբ պայմանների առաջադրումը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է: Հայաստանը չի տրվելու նմանօրինակ ճնշումներին, հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով որոշ լրատվականների հարցերին:

Նաղդալյանը հայտարարել է, որ Հայաստանը մերժում է նաև «այսպես կոչված «վիճելի տարածքներ» կեղծ օրակարգի ներմուծումը, ինչը վտանգավոր նախադեպ կարող է հանդիսանալ ուժի կիրառման արդարացման համար նաև այլ տարածաշրջաններում»:

ԱԳՆ խոսնակի պնդմամբ՝ չկատարելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց հայրենադարձման և այլ հումանիտար հարցերի առնչությամբ՝ Ադրբեջանը կրկին ի ցույց է դրել միջազգային հանձնառությունների միտումնավոր դրժման իր վարքագիծը:

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանագծման և հետագայում սահմանազատման գործընթացները, ըստ Նաղդալյանի, պետք է մաս կազմեն հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացի, «որի շրջանակներում առաջնային կերպով պետք է հասցեագրվեն Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիայի և Արցախի վերջնական իրավական կարգավիճակի որոշման հարցերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո»:

«Այս իրավիճակում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ և անվերապահ դուրսբերումը մայիսի 11-ի դրությամբ ելման դիրքեր կարող է անհրաժեշտ պայմաններ ստեղծել ի հայտ եկող հարցերը քաղաքական-դիվանագիտական գործիքակազմի շրջանակներում դիտարկելու համար», - հայտարարել է Աննա Նաղդալյանը:

Արձագանքելով, հարցին, թե ինչպե՞ս են գնահատում միջազգայի արձագանքը իրավիճակի վերաբերյալ, ԱԳՆ խոսնակը ասել է. «Միջազգային իրավունքի դիրքերից հանդես եկող և Հարավային Կովկասում կայունությամբ ու անվտանգությամբ անկեղծորեն շահագրգռված միջազգային մեր գործընկերներն արտահայտել են իրենց աներկբա դիրքորոշումն առ այն, որ Ադրբեջանն անհապաղ և անվերապահ պետք է ետ քաշի իր զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից»:

Պաշտոնական Երևանը հաղորդում է, որ մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:

Մինսկի խմբի համանախագահներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան Ադրբեջանից պահանջել են դուրս բերել իր զինծառայողներին Հայաստանի ինքնիշխան տարածքից, իսկ Ռուսաստանն առաջարկել է սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը՝ դրան հաջորդող սահմանագծմամբ:

Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ադրբեջանական բանակն «ուղղակի զբաղեցնում է իր դիրքերը»։

XS
SM
MD
LG