Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգներն Իսրայելին կոչ է անում «հնարավորինս արագ ավարտել օպերացիան Գազայում»


Իսրայելական օդուժի հարվածից ավերված Ալ-Շուրուքի համալիրը, Գազա, 20-ը մայիսի, 2021թ.
Իսրայելական օդուժի հարվածից ավերված Ալ-Շուրուքի համալիրը, Գազա, 20-ը մայիսի, 2021թ.

Իսրայելին կպահանջվի ևս մի քանի օր Գազայի հատվածում «Համաս»-ի ռազմական ենթակառուցվածքը ոչնչացնելու համար: Այդ մասին հայտնել է կառավարության հետ կապեր ունեցող «Աքսիոս» լրատվական կայքը, որի համաձայն՝ Միացյալ Նահանգները վարչապետ Բենյամին Նեթանյահուից պահանջել է «հնարավորինս արագ ավարտել օպերացիան»:

Երեկ հեռախոսով զրուցել են ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը և Իսրայելի արտգործնախարար Գաբի Աշկենազին:

Բլինքենն իսրայելցի պաշտոնակցին փոխանցել է, որ Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Գազայի հարցով Ֆրանսիայի առաջարկը: Միաժամանակ, պետքարտուղարն ասել է, որ «Ամերիկան այլևս չի կարող հրապարակավ կամ դիվանագիտական խողովակներով առանց վերապահումների սատարել Իսրայելին»:

«Աքսիոս» կայքի փոխանցմամբ, «Բլինքենի այդ ուղերձը Միացյալ Նահանգների կողմից Իսրայելի վրա ճնշում բանեցնելու միջոց էր, սակայն Իսրայելը դեռ դիմադրում է»:

Մայիսի 10-ին սկսված բախումների ընթացքում պաղեստինցիները Գազայի հատվածից հրթիռակոծում են հրեական բնակավայրերը, ինչին ի պատասխան՝ իսրայելական օդուժը ռմբահարում է «Համաս»-ի և պաղեստինցիների այլ զինված խմբավորումների դիրքերը:

Բախումների ընթացքում սպանվել է ավելի քան 250 պաղեստինցի, այդ թվում՝ ավելի քան 60 երեխա և ավելի քան 30 կին: Միայն Գազայում 227 մարդ է զոհվել:

Իսրայելական կողմից սպանվել է առնվազն 12 մարդ, այդ թվում՝ 2 երեխա: Երկու կողմերի վիրավորների թիվը գերազանցում է մեկևկես հազարը:

XS
SM
MD
LG