Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի զինվորականների մի մասը ՀՀ տարածքից դուրս է եկել մայիսի 16-ի երեկոյան ու մյուս օրն առավոտյան. ՊՆ


Ադրբեջանցի զինվորականների մի մասը Հայաստանի տարածքից դուրս է եկել վերջին՝ մայիսի 16-ին տեղի ունեցած բանակցությունների երեկոյան ու մյուս օրն առավոտյան, «Ազատությանը» փոխանցեցին Հայաստանի Պաշտպանության նախարարությունից՝ ենթադրելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը այսօրվա հայտարարությունն անելիս նկատի է ունեցել վերջին պայմանավորվածությունից հետո տեղի ունեցածը։

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ Ստանիսլավ Զասը հայտարարել է, թե ՀԱՊԿ-ը ողջունում է «Ռուսաստանի միջնորդությամբ հայկական ու ադրբեջանական կողմերի միջև սկսված բանակցությունները և վիճելի տարածքներից ստորաբաժանումների մի մասը հետ քաշելու պայմանավորվածության ձեռքբերումը»:

Ըստ ՊՆ-ի, իրավիճակը շարունակում է նույնը մնալ՝ երեք ուղղություններում էլ սահմանը հատած ադրբեջանցի զինվորականներ կան։ Բայց ինչպես պնդում են ռազմական գերատեսչությունից, նրանք արգելափակված են ու զրկված թիկունքային ապահովման հնարավորությունից։ Թե քանի՞ ադրբեջանցի է Հայաստանի տարածքից դուրս եկել, Պաշտպանության նախարարությունը թիվ չի նշում։

Դեռ մայիսի 13-ին կայացած Ախ նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում գտնվում են ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ։

Հայաստանը դեռ 6 օր առաջ էր դիմել ՀԱՊԿ-ին՝ ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար, կոնկրետ քայլերի մասին ՀԱՊԿ-ից տեղեկություններ չկան։ Ռազմական կառույցի ղեկավարը այսօր միայն հայտարարել է. «ՀԱՊԿ-ում անհանգստությամբ ուշադիր հետևում են Սյունիքի սահմանամերձ շրջաններում իրադրության զարգացմանը։ Շեշտում ենք 2020-ի նոյեմբերի 10-ի եռակողմ պայմանավորվածությունների աներկբա կատարումը»։

XS
SM
MD
LG