Մատչելիության հղումներ

Դուշանբեում մեկնարկել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նեղ կազմով նիստը


Դուշանբեում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նեղ կազմով նիստը, ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Դուշանբեում, ՀԱՊԿ անդամ պետությունների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հավաքի շրջանակում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ՀԱՊԿ ԱԳ նախարարները երեկ երեկոյան սկսել են քննարկել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված կացությունը։

«Ռուսաստանը տեղեկացրել է ՀԱՊԿ գործընկերներին այն ջանքերի մասին, որոնք ձեռնարկվում են սահմանի միջազգային-իրավական ձևակերպման բացակայության հետևանքով ծագած միջադեպը հարթելու ուղղությամբ», - հավելել է Լավրովը։

Հայաստան-Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ ՀԱՊԿ-ում արտակարգ խորհրդատվություններ անհապաղ սկսելու նպատակով մայիսի 14-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նամակներով դիմել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին և դաշինքի անդամ մյուս պետությունների ղեկավարներին։

Պաշտոնական տեղեկատվության համաձայն` մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Այս հարցի լուծման շուրջ բանակցություններ են մեկնարկել, դրանք կշարունակվեն այսօր։

XS
SM
MD
LG