Մատչելիության հղումներ

Իրանը շեշտում է՝ չի ընդունի սահմանների փոփոխություն, այլ ուժերի տեղակայում իր սահմանային տարածքներում


Հայ-իրանական սահմանի Մեղրիի անցակետը, արխիվ
Հայ-իրանական սահմանի Մեղրիի անցակետը, արխիվ

Իրանը խստացնում է դիրքորոշումը հայ-ադրբեջանական սահմանին ճիշտ մեկ շաբաթ շարունակվող լարվածության հարցում՝ ընդգծելով, որ չի ընդունի սահմանների որևէ փոփոխություն, ու նաև` այլ ուժերի տեղակայում իր սահմանային տարածքներում:

«Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը շատ պարզ է, աներկբա և որոշիչ՝ տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի», - ասել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրին ռուսական «Սպուտնիկ» լրատվական գործակալության հետ զրույցում:

Անվանական չդատապարտելով ադրբեջանական զինուժի գործողությունները` իրանցի պաշտոնյան, միաժամանակ, պարզորոշ ասել է. - «Մեզ համար անընդունելի է, որ Հայաստանի տարածքի մի մասը վերցնեն, և մեր սահմանները փոփոխության ենթարկվեն, այսինքն՝ ունենանք նոր հարևան: Գոյություն ունեցող սահմանները պետք է լիովին պաշտպանվեն, և Իսլամական Հանրապետության սահմանը Հայաստանի հետ պետք է պահպանվի»:

Զոլնուրին, ով մինչ խորհրդարան գալը Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի ներկայացուցիչն էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում, ռուսական գործակալության հետ զրույցում նաև ընդգծել է, որ Թեհրանը չի ընդունի տարածաշրջանից դուրս` այլ երկրների զինված ուժերի ներկայությունը Իրանի սահմանին մոտ ընկած տարածքներում:

Իրանի խորհրդարանականը նշել է, որ երկու երկրներն իրավասու են պահպանել իրենց տարածքային ամբողջականությունը: «Հիմք ընդունելով անցյալում առկա հանգամանքները՝ երկու երկրներն էլ դիտարկում ենք որպես հարևաններ։ Պահպանելով այս սահմանագծերը և չընդունելով տարածաշրջանում որևէ փոփոխություն՝ աջակցում ենք երկու երկրների տարածքային ամբողջականությանը», - ընդգծել է Իրանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահը։

Հատկանշական է, որ նույն օրը Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել էր Իսլամական Հանրապետության կառավարության ներկայացուցիչ, ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամիին ու ընդգծել․ - «Երևանն ակնկալում է բարեկամ Իրանի աջակցությունը՝ վերջ դնելու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը և տարածաշրջանի ապակայունացմանն ուղղված Ադրբեջանի սադրիչ գործողություններին»:

Ըստ հայկական կողմի հաղորդագրության` իրանցի նախարարը վերահաստատել է տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը: Սահմանային այս լարվածության ֆոնին կողմերը քննարկել են «Պարսից ծոց-Սև ծով միջանցքի» ծրագիրը: Նախարար Էսլամին ևս մեկ անգամ Իրանի իշխանությունների կողմից պատրաստակամություն է հայտնել գործարկել այդ «կարևորագույն տրանսպորտային միջանցքը, ընդգծելով` այն կնպաստի ոչ միայն տարածաշրջանի տնտեսական զարգացմանը, այլև` անվտանգության ապահովմանը»:

Հարավային Ասիան Եվրոպային կապող այս նախագիծը Թեհրանը առաջ է քաշել հինգ տարի առաջ` 2016 թվականին, այսօրվա դրությամբ դրան միացել են Հայաստանը, Վրաստանը, Բուլղարիան և Հունաստանը: Փաստացի, ըստ փորձագետների, Իրանը փորձում է առևտրային հանգույց դառնալ՝ հարավից ու արևմուտքից մուտք ապահովելով դեպի արաբական պետություններ, հյուսիսից՝ Կենտրոնական Ասիա, արևելքից` Աֆղանստան ու Պակիստան, հետո էլ բոլոր այդ ուղղությունները կապել Եվրոպայի հետ: Ընդ որում, չնայած Սև ծով Իրանը կարող էր հասնել Ադրբեջանի տարածքով, որն արդեն իսկ ունի անհրաժեշտ ենթակառուցվածքները, Թեհրանը նախընտրում է Հայաստանով անցնող ճանապարհը, որպեսզի, ըստ վերլուծաբանների, այլընտրանք ունենա տարածաշրջանային մրցակից Թուրքիայի ու նրա աջակից Ադրբեջանի տարածքով անցնող ուղիներին: Ըստ այդմ, Պարսից ծոց-Հայաստան-Վրաստան-Սև ծով-Բուլղարիա-Հունաստան ձևավորվող միջանցքը շրջանցում է ինչպես Թուրքիան, այնպես էլ Ռուսաստանը:

Հինգ պետություններն այս հարցով մի քանի հանդիպում են արդեն անցկացրել, վերջինը տեղի էր ունեցել մեկ ամիս առաջ` ապրիլին, Երևանում: Ըստ Հայաստանի արտգործնախարարության, մասնակից բոլոր պետությունները վերահաստատել էին իրենց հետաքրքրվածությունը և պայմանավորվել հաջորդ հանդիպմանն արդեն ավարտին հասցնել համաձայնագրի նախագիծը: Հստակ ժամկետներ ու մանրամասներ, սակայն, դեռ չեն հաղորդվել:

XS
SM
MD
LG