Մատչելիության հղումներ

«Ինձ համար դեռ 2001 թիվն է». սևազգեստ մայրը 20 տարի անց էլ չի կարողանում հասնել արդարադատության


«Ձգեցին, ձգեցին այնքան, ու իրենք չեն մտածում, որ էդ 20 տարին ինձ համար զրոյական է, ինձ համար 2001 թիվն է հիմա»:

Արդարադատության հասնելու՝ որդեկորույս մոր հույսն արդեն մարել է։ Չգիտի՝ ում դիմի, որ բանակում 20 տարի առաջ խաղաղ պայմաններում մահացած որդու քրեական գործը հասնի վերջնակետին։ Օրերս Քննչական կոմիտեից նամակ են ստացել, որ մի քանի անգամ բացված ու փակված գործը կրկին կասեցնում են` մեղադրյալի հայտնի չլինելու պատճառով։

Ապացույցները փոխված են, հեղափոխությունից հետո էլ նույն իրավապահներն են, որոնք դժվար թե ջանք գործադրեին զինվորի սպանությունը բացահայտելու համար, մտահոգվում է անցած երկու տասնամյակները իրավապահների աշխատասենյակներում անարդյունք վատնած և իրավաբանական անծանոթ տերմինները սերտած մայրը. «Ամեն անգամ էլ կարան գրեն` մենք նախաքննությունն արեցինք, արդյունքի չհասանք, ամեն ինչ փոխել են, ամեն ինչ, ընդհուպ զենքն են փոխել: Մի հատ իմացեք` էտ ո՞վ փոխեց, ո՞վ էր շահագրգռված, որ զենք փոխեն: Ուրեմն, երեխուն կրակել են մոտ տարածությունից` կես մետրից, այդ փորձաքննությունն արեցին, Մակարով ատրճանակն են իրեղեն ապացույց ճանաչել, չկա ոչ զենքի հետք, ոչ կրակոցի, ոչ մի բան»:

Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղում բնակվող 68-ամյա Անահիտ Մկրտչյանը մեկն է այն սևազգեստ կանանցից, որ անցած տարիներին սուգը փոխարինել է պայքարով, թակել տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների դռներ, փոխանցել սեփական հետաքննության արդյունքները։

Բայց երկու տասնամյակ շարունակ իրավապահները չեն բացահայտել՝ ով սպանեց 22-ամյա Արայիկ Ավետիսյանին այն դեպքում, երբ մայրն անգամ մարդասպանի անունն է ասում։ Կինը կասկածում է, որ որդուն հրամանատարն է սպանել արձակուրդի թույլտվության դիմաց 100 դոլար չտալու համար։ 100 դոլարի պատմության մասին նաև որդու ծառայակիցներն են պատմել. «100 դոլար են ուզել արձակուրդից հետ գալու, ես չկարողացա ուղարկել: Այդ նույն բանը, Արտյոմն ասում է, եկավ, ասաց` ինչի՞ չես բերել, հրամանատրին խաբելը վրադ էժան չի նստ: Կուզեի՞ն, որ բացահայտվեր այդ գործը, որ իրոք 100 դոլար է ուզել, չի տարել, չէին ուզի չէ՞, ու ամեն ինչը տենց է, բանակի պատվին ամոթ է, որ տենց բան լինի, էս ինչը նենց ա, էս ինչը նենց ա»:

Դեռ անցած տարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել էր, որ խախտվել է Արայիկ Ավետիսյանի կյանքի իրավունքը, Հայաստանի կառավարությունն էլ որպես փոխհատուցում 26 հազար եվրո էր հատկացրել ընտանիքին։ Եվրադատարանն ընդամենը խախտումն է արձանագրել, արդարադատությունը պետք է իրականացնեն Հայաստանի իրավապահները։ Որդեկորույս մոր համար Եվրադատարանի վճռից առավել կարևոր է հենց դա, երբ իրեն կասեն որդուն սպանողի անունն, ու մեղավորը կպատժվի։

Գործը վերաբացվելուց հետո հարցաքննել են տարբեր անձանց, բայց այդպես էլ չեն հստակեցրել իր մատնանշած շատ կարևոր հարցեր, պատմում է մահացած զինվորի մայրը։ Մինչդեռ հույս ուներ, որ անցած տարի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձևավորված ոչ մարտական պայմաններում մահացած զինվորների գործերն ուսումնասիրող աշխատանքային խումբը կարող էր ինչ-որ արդյունք արձանագրել, եթե որդու գործն էլ այդ ցանկում լիներ։

Թավշյա հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ ընդունեց սևազգեստ մայրերին, հուսադրեց նրանց։ Անահիտ Մկրտչյանը գոտեպնդվեց, թե նոր իշխանությունների օրոք ինչ-որ տեղաշարժ կլինի։ Բայց օրերս նրան խմբի անդամ, վարչապետի պաշտոնակատարի օգնական Աննա Վարդապետյանն ասել է, որ որդու գործը չեն կարող դիտարկել, քանի որ Փաշինյանի որոշման համաձայն՝ Ստրասբուրգի դատարանի կայացրած վճիռ ունեցող գործերը չեն ուսումնասիրվում. «Ամբողջ զավեշտն այն է, էն առաջին անգամ էլ ուրեմն ամբողջ շեշտը դնում է, ասում է` դուք փոխհատուցում եք ստացել: Ես մենակ կյանքի իրավունքի համար 24 հազար եվրո, որը մարդի 50 հազար եվրո են ստանում և այլն: Ես բազար չեմ արել երբեք, ինձ փող առաջարկելուց ասել եմ` գլուխներդ ուտի, գնացեք, ես իմ բողոքի պիտի հասցնեմ մինչև վերջ: Հիմա դու իմ երեսին շպրտում ես` հատուցում են տվել, ի՞նչ հատուցում, էտ ինչի՞ մասին է խոսքը: Պետության պարտավորությունն է սպանողին էլ գտնել, սպանողին էլ պատժի, մեղավորին էլ պատժի, բայց ոնց հասկանում եմ, իրենք մենակ մտածում են` ստացավ, ֆսյո»:

Գործը կասեցնելու որոշման մեջ նշված է, որ Անահիտ Մկրտչյանի մատնանշած հրամանատարը ժամանակին մեղադրվել է այս գործով, բայց ոչ սպանության համար։ Այս որոշումից նաև պարզ է դառնում, որ որդու հրամանատարը 44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորել է։

XS
SM
MD
LG