Մատչելիության հղումներ

Քաղհասարակության ներկայացուցիչները՝ լուծարված յոթերորդ գումարման Ազգային ժողովի մասին


«Հնարավորությունները բաց թողած խորհրդարան»․ Թավշյա հեղափոխությամբ և արտահերթ ընտրություններով 2018-ին ձևավորված յոթերորդ գումարման խորհրդարանը, որ իրավունքի ուժով երեկ լուծարվեց, այսպես է բնութագրում Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հիմնադիր Լևոն Բարսեղյանը։

«Պատմական հնարավորություն ունեին արմատական փոփոխություններ անել Հայաստանում, սակայն խոշոր հաշվով կարողացան ընդամենը որոշ ոլորտներում ռեֆորմների սկիզբ դնել։ Այնինչ կարող էին շատ մեծ թափով անել այդ ամբողջը։ Ու ցավոք, մնացին կրավորական, վարչապետին ենթակա։ Որքան էլ վարչապետի պատմական դերակատարությունը մեծ է եղել հեղափոխության մեջ, այնուամենայնիվ խորհրդարանական երկրում խորհրդարանը անհամեմատ նախաձեռնող պիտի լիներ ու պիտի լինի։ Խառը խորհրդարան էր։ Հեղափոխություններից հետո օբյեկտիվորեն այդպես է լինում, երբ ծայրահեղ ձախերից բռնած ծայրահեղ աջերով մի խմբակցության մեջ են լինում։ Էդ ամբողջը սկսում է քանդվել իհարկե։ Հիշեք ՀՀՇ-ի պատմությունը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բարսեղյանը։

Դանիել Իոաննիսյան
Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ընդգծում է, որ այս խորհրդարանը հեռացավ այդպես էլ չկատարելով իր նախընտրական բազմաթիվ խոստումներ։ Քաղհասարակության ներկայացուցիչը գլխավոր բացթողումը համարում է այն, որ հեղափոխական խորհրդարանը քաղաքական գնահատական չտվեց նախկիններին և չարձանագրեց պետության զավթման փաստը․ - «Քսանհինգ տարվա ընդմիջումից հետո Հայաստանը ունեցավ լեգիտիմ ընտրված խորհրդարան, որը իրոք ուներ ժողովրդի մանդատը։ Բայց այդուհանդերձ, ցավոք սրտի, այդ ստացված մանդատը շատ էֆեկտիվորեն չօգտագործվեց։ Որովհետև մի շարք գործողություններ, որոնք կարող էր անել այս խորհրդարանը, և երևի ռետրոսպեկտիվ իրենք էլ են հիմա հասկանում, որ դա պետք է արած լինեին, իրենք չարեցին։ Իրենք, օրինակ, չճանաչեցին այդուհանդերձ պետության զավթումը, իրենք տապալեցին դատական ռեֆորմը, ընդ որում՝ Սահմանադրական դատարանի ռեֆորմը, որ հենց իրենք իրենց վրա վերցրեցին իրականացնելը»։

«Խորհրդարանի մոնիտորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը նկատում է, որ այս գումարումը աննախադեպ էր մի քանի առումներով։ Նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ էր, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ տեղի ունեցան։ Աննախադեպ էր նաև իշխանություն - ընդդիմություն համամասնութունը։ 70 տոկոսից ավելի ձայն ստացած «Իմ քայլը» խմբակցությունը 88 մանդատով ձևավորեց կայուն մեծամասնություն։ Հեղափոխությամբ իշխանության եկածները աշխատեցին ընդամենը 2,5 տարի, որից երկու նստաշրջանը՝ արտակարգ և ռազմական դրության պայմաններում։

Լուսինե Վասիլյան
Լուսինե Վասիլյան

Չնայած այս հանգամանքին այս խորհրդարանին, ըստ Վասիլյանի, պասիվ չես անվանի։ Ավելի մեծ թվով ընդունված նախագծեր, ԱԺ -ի կողմից օրենսդրական նախաձեռնությունների թվի աճ, կառավարության հեղինակած նախագծերին ավելի շատ դեմ քվեարկելու օրինակներ․ - «Ավանդույթը այդ մասով շարունակվել է, ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած նախագծերի մեծ մասը հիմնականում մերժվել է։ Կամ էսպես ասեմ՝ խորհրդարանի մերժած նախագծերի մեծ մասը ընդդիմության նախագծերն են»։

«Խորհրդարանի մոնիտորինգը» առանձնացրել է ևս մեկ ուշագրավ փաստ. հանրային կարևորություն ու հնչեղություն ունեցող օրինագծերի մեծամասնությունը, այդ թվում Ընտրական օրենսգիրքն ու սահմանադրական մի շարք փոփոխություններ այս իշխանությունը անցկացրել է միայնակ, առանց ընդդիմության հետ կոնսենսուսի։

Ըստ Լուսինե Վասիլյանի, սա քաղաքական համագործակցության խիստ ցածր մակարդակի հետևանք է. – «Դրանք գրեթե ընդունված օրենքների կեսին են մոտենում։ Եվ ամենակարևորը, որ բոլոր խնդրահարույց, վիճահարույց, հանրային հետաքրքրություն և հանրային քննարկումներ հարուցած օրենքները ընդունվել են նույն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների քվեարկությամբ»։

Լևոն Բարսեղյան
Լևոն Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հիմնադիր Լևոն Բարսեղյանը վերապահումներ ունի ոչ միայն իշխանական խմբակցության, այլ նաև ընդդիմադիրների առնչությամբ։ Վերջիններս, ըստ Բարսեղյանը, պարզապես հակաճառելու մարտավարություն էին ընտրել․ - «Ոչ մի ռացիոնալ, արդյունավետ գործունեություն, ցավոք, խմբակցությունները չուզեցան, չկամեցան ծավալել։ Գուցե թե սկզբում կամեցել էին ծավալել, բայց հետո․․․ չքմեղացածի կեցվածք։ Դա շատ հեշտ դիրք է ընդհանրապես ընդդիմությունների համար»։

Արդեն լուծարված խորհրդարանի ամենահարուստ պատգամավորը անձեռմխելիությունից զրկված և քրեական գործով անցնող Գագիկ Ծառուկյանն է։ Հաջորդող երեք հորիզոնականներում ևս ԲՀԿ-ական պատգամավորներ են։ Ծառուկյանը առաջատար է նաև ամենաշատ բացակա ստացած պատգամավորների հնգյակում։

Իսկ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանը» ամբողջությամբ գրավել է ամենաշատը դեմ քվեարկածների հնգյակը։ Ամենաշատը կողմ քվեարկած պատգամավորների հնգյակում էլ ամբողջությամբ իմքայլականները՝ Վահե Հովհաննիսյան, Արտաշես Պետրոսյան, Հովիկ Աղազարյան, Վահագն Հովակիմյան, Գևորգ Պապոյան։ Ամենաշատը ձեռնպահ քվեարկել է ԲՀԿ խմբակցությունը լքած Սերգեյ Բագրատյանը։

XS
SM
MD
LG