Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն հաստատեց արտահերթ ընտրությունների անցկացման միջոցառումների ժամանակացույցը


Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրավիրված նիստում հաստատեց հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:

Հունիսի 7-ին մեկնարկելու է նախընտրական քարոզչության ժամանակահատվածը, տևելու է մինչև հունիսի 18-ը` ժամը 24:00-ն: Թեկնածուների, կուսակցությունների կամ դաշինքի անդամ կուսակցությունների ինքնաբացարկի մասին դիմումների ներկայացման ժամկետը մինչև հունիսի 10-ն է` ժամը 18:00-ն, ներկայացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Հիշեցնենք, որ երեկ նախագահը ստորագրեց Ազգային ժողովն արձակելու ու ընտրությունների նշանակման հրամանագիրը:

Ազգային ժողովը երեկ երկրորդ անգամ վարչապետի պաշտոնում չընտրեց Նիկոլ Փաշինյանին։ Այսպիսով՝ յոթերորդ գումարման Ազգային ժողովը, համաձայն նախապես ձեռք բերված պայմանավորվածության, իրավունքի ուժով ցրվեց։ Այս խորհրդարանը, սակայն, կշարունակի գործել մինչև նորի ձևավորվումը։

Ապրիլի 25-ին Փաշինյանը հրաժարական էր ներկայացրել, որպեսզի համաձայն քաղաքական ուժերի հետ ձեռք բերած պայմանավորվածության երկու անգամ խորհրդարանը նոր վարչապետ չընտրի, և Հայաստանում կազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Սահմանադրության պահանջն է՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ է Ազգային ժողովի արձակումը։ Իսկ խորհրդարանն արձակվում է, երբ վարչապետի հրաժարականից հետո երկու շաբաթում երկու անգամ անընդմեջ վարչապետ չի ընտրվում։

Վարչապետի ընտրության հարցով առաջին նիստը տեղի ունեցավ մայիսի 3-ին, և պայմանավորվածության համաձայն` խորհրդարանը միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանին վարչապետ չընտրեց։

XS
SM
MD
LG