Ուժի մեջ է մտել Քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը, որը Ազգային ժողովն ընդունել էր ապրիլի 28-ին:
Իշխանությունները նախընտրական քարոզչությունը խոչընդոտելու համար ավելի խիստ պատասխանատվություն են սահմանել։ Օրինակ՝ տեղամասային կենտրոնում կամ դրան հարակից տարածքում բռնություն գործադրելը կամ դրա սպառնալիքը, ինչպես նաև նախընտրական քարոզչություն կատարելուն հարկադրելը կամ խոչընդոտելը, կպատժվեն մինչև երեք տարի ազատազրկմամբ, ընտրակաշառք տալը կամ խոստանալն արդեն ծանր հանցագործություն է համարվում, որն էլ պատժվում է ազատազրկմամբ՝ 3-6 տարի ժամկետով։
«Տեղամասում բռնություն գործադրելը կամ դրա սպառնալիքը, կամ, օրինակ, հանրահավաքի մասնակցելու համար դրամական խրախուսումը, այսինքն՝ փող տալը որպեսզի մարդիկ հանրահավաքի մասնակցեն, կամ, օրինակ, պատգամավորի թեկնածուի կողմից երկքաղաքացիություն ունենալու փաստը թաքցնելը, կամ քարոզարշավի խոչընդոտելը, այս արարքները նոր են քրեականացվել։ Բոլոր այն ընտրություններին, որոնք կլինեն այսուհետ, այդ հոդվածները գործելու են։ Ընդ որում հանրահավաքների վերաբերյալ հոդվածը ոչ միայն ընտրությունների ժամանակ է գործելու, այլ առհասարակ՝ ցանկացած հանրահավաքի ժամանակ։ Հանրահավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելը կամ պարտադրելը, որպեսզի մարդիկ մասնակցեն հանրահավաքի այլևս քրեական հանցագործություն է», - ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։
Այս փոփոխությունները կգործեն արդեն նաև հունիսին նախատեսվող արտահերթ ընտրություններին, իսկ թե որքանով արդյունավետ կլինեն, փոփոխությունների նախագծի մշակմանը մասնակցած Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ մեծամասամբ կախված է իրավապահ մարմիններից․ - «Որոշակի առումով էֆեկտիվություն կլինի, բայց թե որքանով կլինի էֆեկտիվություն դեռ շուտ է դատել»։
Փոփոխությունների փաթեթի հեղինակ՝ «Իմ քայլ»-ից Վահագն Հովակիմյանի խոսքով՝ օրենսդրական այս նախաձեռնությամբ փորձ է արվում նախևառաջ կանխել խախտումները, իսկ խախտելու դեպքում պատիժն ավելի խիստ կլինի, քան նախատեսում էին նախկին կարգավորումները։
Իոաննիսյանը խնդրահարույց է համարում, որ նախագծից որոշ դրույթներ առանց քաղաքական ուժերի, քաղհասարակության ներկայացուցիչների հետ քննարկման վերջին պահին հանվել են։
«Չընդունվեցին այն դրույթները, որոնցով քրեականացվում էր ընտրական քարոզարշավի ֆինանսավորման կարգի խախտումը, դա ևս շատ կարևոր է և դրա չքրեականացումը ենթադրում է, որ այդ արարքների դեմ իրավապահները չեն կարող պայքարել, որովհետև քրեորեն պատժելի չէ», - ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգողը։
Մայիսի 7-ին էլ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը։ Փոփոխությունների մեծ մասը, սակայն, ուժի մեջ կմտնեն հաջորդ տարվանից և չեն կիրառվի առաջիկա արտահերթ ընտրություններում։