Անվտանգության խորհուրդը չի կարող գաղտնազերծել պատերազմի 4-րդ օրը նախկին Գլխավոր շտաբի պետի մասնակցությամբ հայտնի նիստին Օնիկ Գասպարյանի ելույթն ամբողջությամբ, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ արձագանքելով շաբաթներ առաջ Գասպարյանի հնչեցրած պահանջին՝ հրապարակել սեպտեմբերի 30-ի նիստի ավարտին նախագահ Սարգսյանի ելույթը և դրան հաջորդած իր ելույթը։
«Մնացած հատվածներում Հայաստանի և Արցախի անվտանգությանը վերաբերող հարցեր կան, որոնք, կարծում ենք, որ հրապարակելը նպատակահարմար չէ: Մեզ նաև զարմացրել է, որ Օնիկ Գասպարյանը, լինելով Զինված ուժերի շտաբի պետ նախկինում, նման պահանջ է ներկայացրել: Ի դեպ, նաև պարզաբանել ենք հավելյալ, թե ինչու ենք միայն այդ հատվածները», - ասաց Գրիգորյանը:
Անցյալ տարվա նոյեմբերի 17-ին պատերազմի ավարտից հետո այն ժամանակ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հայտարարությամբ էր հանդես եկել ու նշել, որ պատերազմի չորրորդ օրը` Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, ներկայացրել էր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ Զինված ուժերի գնահատականը, նշել, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար։ Այս հայտարարությունից 4 ամիս անց, իսկ Օնիկ Գասպարյանի և մի շարք այլ բարձրաստիճան զինվորականների՝ Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարությունից 1 ամիս անց Անվտանգության խորհրդի քարտուղարը, ապա վարչապետը հայտարարեցին, որ հայտնի նիստի ժամանակ Գասպարյանը չի խոսել պատերազմը դադարեցնելու հրամայականի մասին:
«Անվտանգության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյան չի կարող մի զեկույցում երկու իրարամերժ մտքեր արտահայտի, որովհետև եթե զեկույցը հիշում եք, այնտեղ հրապարակված մասում կա, որ Ջաբրայիլի ուղղությամբ որոշակի հաջողություններ ենք ունեցել, թշնամին որևէ առաջընթաց չի ունեցել, որևէ առաջընթաց, սա շատ կարևոր է: Եթե ասում է որևէ առաջընթաց, կարող են Անվտանգության խորհրդի մնացած անդամները նույնիսկ հասկանալ, որ դիրք չենք զիջել», - նշեց Գրիգորյանը:
Ավելին, այսօր Անվտանգության խորհրդի քարտուղարը մեկ այլ հերքում ևս արեց։ Պատերազմի ավարտից հետո այն ժամանակ Զինված ուժերի ԳՇ պետ Գասպարյանը իր նոյեմբերին արած հայտարարությունում նաև նշել էր. «Ես Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակվել եմ 2020 թվականի հունիսի 8-ին և արդեն հունիսի 12-ին ՀՀ վարչապետին, իսկ մի քանի օր անց` նաև Անվտանգության խորհրդին ներկայացրել եմ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության վերլուծությունը և մեր Զինուժի կարողությունները:
Կատարված վերլուծության հիման վրա ներկայացրել եմ առաջարկություններ պետության ռազմական անվտանգության աստիճանը բարձրացնելու ուղղությամբ: Մասնավորապես, նշել եմ, որ.
1. Այլևս մեր հակառակորդը միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան: Հետևաբար այդ պետությունների համահավաք ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել, և անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժը ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն»։
Ըստ Արմեն Գրիգորյանի՝ առաջին Անվտանգության խորհրդի նիստը, որին Գասպարյանը մասնակցել է, եղել է օգոստոսին և կրկին ոչ Գասպարյանի ներկայացրած բովանդակությամբ. «Հունիսի 8-ից հետո առաջին Անվտանգության խորհրդի նիստը տեղի է ունեցել հունիսի 19-ին, հունիսի 19-ի Անվտանգության խորհրդի նիստում Օնիկ Գասպարյանը զեկույց չի ունեցել, այսինքն` երբ որ ասում եմ` զեկույցն ու մնացած, Օնիկ Գասպարյանի նոյեմբերի 17-ի հայտարարությունը և մեր զեկույցների հրապարակումը պետք է միասին կարդալ, սրա համար եմ ասում: Օնիկ Գասպարյանը ռազմաքաղաքական, տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ առաջին պարզաբանումները կամ զեկույցն ունեցել է օգոստոսի 21-ի Անվտանգության խորհրդի նիստում: Իր մոտ տաս էջանոց զեկույցում դիվանագիտություն բառ չկա»:
Ինչո՞ւ պետք է Օնիկ Գասպարյանն անի հայտարարություններ, որոնք հակասում են իրականությանը, հետաքրքրվեցինք Գրիգորյանից:
«Ես կարծում եմ` այդ հարցերը պետք է տաք Օնիկ Գասպարյանին, ես կարծում եմ` նաև Ձեզ պետք է հետաքրքրի, որ Օնիկ Գասպարյանը պատերազմից հետո կարևոր ներքաղաքական գործընթացների մեջ է ներգրավված եղել, և որևիցե մի անգամ ձեզնից կամ մեզնից որևէ մեկը նրան չի տեսել պարզաբանումներ տալուց: Մենք տեսել ենք հայտարարություններ, տեսել ենք Օնիկ Գասպարյանի անունից պարզաբանումներ, բայց մենք երբեք Օնիկ Գասպարյանին չենք տեսել, և ես առաջարկում եմ դուք այս հարցով նաև զբաղվեք»:
Ընդհանրապես բարձաստիճան զինվորականների՝ փետրվարի 25-ին հնչեցրած հայտարարությունում արտաքին քաղաքական ձախողումների մասին խոսելը, ըստ Արմեն Գրիգորյանի տեղին չէ, քանի որ ստացվում է, որ Օնիկ Գասպարյանը և մյուս զինվորականները, իրենց հստակ պատասխանտվության ոլորտում մեծ հաջողություններ չունենալով, սկսել են խոսել արտաքին քաղաքականության մասին. «Իսկ փետրվարի 25-ի հայտարարության մեջ Օնիկ Գասպարյանը և մնացած գեներալները հայտարարում էին, որ արտաքին քաղաքականության հետ կապված խնդիրներ կային, մինչդեռ դա Զինված ուժերի լիազորության մեջ չի մտնում, այսինքն` լիազորությունը Զինված ուժերի հստակ է. արտաքին քաղաքականության ոլորտում լիազորությունները և գերատեսչությունը, որը պատասխանատու է դրա համար, հստակ է»:
Բարձրաստիճան զինվորականների կողմից վարչապետին և կառավարությանն ուղղված հրաժարականի պահանջից հետո աշխատանքից հեռացված Օնիկ Գասպարյանը դիմել է դատարան` վիճարկելով իր պաշտոնանկությունը և տեղի ունեցածը համարելով անօրինական գործընթաց։ Թեև Վարչական դատարանում գործընթացը դեռ շարունակվում է, այնուամենայնիվ Գրիգորյանի կարծիքով՝ այս հարցը քաղաքական առումով լուծված է. «Եթե հաշվի առնենք, որ Հայաստանում եղել են հետպատերազմյան ներքաղաքական, նույնիսկ կասեի աշխարհաքաղաքական գործընթացներ, հաշվի առնելով այդ հանգամանքները` մենք գնացել ենք լուծման այս տարբերակով, և կարևորն արդյունքն է: Այստեղ կարևորն այն է, որ հարցը վերջնակապես քաղաքական առումով լուծված ենք համարում»:
«Ազատությունը» դիմել է Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասապարյանին՝ խնդրելով արձագանքել այսօր Անվտանգության խորհրդի քարտուղարի հնչեցրած հայտարարություններին, առայժմ արձագանք նախկին պաշտոնյայից չունենք։
«Սերժ Սարգսյանը սուտ է ասում»
Այսօր Արմեն Գրիգորյանն արձագանքեց նաև երրորդ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի՝ վերջին հարցազրույցի ժամանակ հնչեցրած հայտարարությանը ԱԹՍ-ների մասին, թե իր ղեկավարման օրոք հաստատվել էր ծրագիր` մինչև 2024 թվականը 2500 անօդաչու թռչող սարք ձեռք բերելու, իսկ հազարից ավելի ԱԹՍ՝ մինչև 2020 թվականը, սակայն Փաշինյանի կառավարությունը, ըստ Սերժ Սարգսյանի, այդ ծրագիրը փոխել է։
«Սերժ Սարգսյանը սուտ է ասում. եթե 16-18թթ. Սերժ Սարգսյանը ձեռք է բերել պայմանական իքս քանակի ԱԹՍ, մենք 18թ. իքս անգամ 7 ենք ձեռք բերել, 18-20թթ. սպառազինության մասով, ինչ վերաբերում է ՍՌՏ-ի մասին, որը Սերժ Սարգսյանը խոսում է, եթե Սերժ Սարգսյանի ժամանակ պլանավորված է եղել, պայմանական ասենք, հազար ԱԹՍ-ի ձեռքբերում, մենք այդ պլանը բարձրացրել ենք 1800-ի», - պնդեց ԱԽ քարտուղարը: