Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կոչ է անում իր ամերիկացի պաշտոնակից Ջոզեֆ Բայդենին վերանայել Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման որոշումը՝ այն «սխալ քայլ» որակելով։ Այս մասին Թուրքիայի նախագահը հայտարարեց երկուշաբթի երեկոյան Անկարայում կայացած ասուլիսի ժամանակ։
Դրա հետ մեկտեղ, Էրդողանի երեկվա հայտարություններից պարզ դարձավ, որ պաշտոնական Անկարան առայժմ զերծ է մնում Վաշինգտոնի նկատմամբ կտրուկ քայլերից՝ հարկ համարելով միայն հիշեցնել երկու երկրների միջև տասնամյակների ընթացքում ձևավորված դաշնակցային հարաբերությունների մասին։
«Մենք ՆԱՏO-ի կազմում ընդգրկված երկու կարևոր դաշնակիցներ ենք։ Ինչպե՞ս կարող եք դուք Թուրքիան փոխարինել Հյուսիսատլանտյան դաշինքի հետ որևէ կապ չունեցող հայկական լոբբիով», - դիմելով ամերիկյան ղեկավարությանը՝ հայտարարում էր Էրդողանը։
Նշենք, ի դեպ, որ Թուրքիայի նախագահի 50-րոպեանոց ելույթի մեծ մասը հենց հայ-թուրքական հարաբերություններին ու դրանց պատմությանն էր նվիրված։
Հիշելով Օսմանյան կայսրությունում հայերի դերակատարության, Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների, ղարաբաղյան երկու պատերազմների և անգամ ԱՍԱԼԱ-ի կողմից թուրք դիվանագետների դեմ հարձակումներին մասին՝ Էրդողանն ի վերջո հասավ իր ելույթի գլխավոր ուղերձներից մեկին՝ պնդելով, թե Անկարան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների հաստատմանը։
«Մենք հայ հանրության հետ որևէ խնդիր չունենք։ Մենք հազար տարի շարունակ կողք-կողքի ենք ապրել, ոմանց հետ այսօր էլ խաղաղ կերպով ապրում ենք։ Մենք ցանկանում ենք Հայաստանի հետ բարիդրացիության սկզբունքի վրա հիմնված հարաբերություններ կառուցել։ Վերջին 16 տարիներին մենք [այդ ուղղությամբ] բազմաթիվ քայլեր ենք ձեռնարկել՝ մշտապես զոհաբերությունների գնալով», - հայտարարում էր Թուրքիայի նախագահը՝ պնդելով, սակայն, թե Անկարայի այդ գործողություններն այդպես էլ համարժեք պատասխանի չեն արժանացել։
Վերադառնալով Միացյալ Նահանգների նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձին՝ Թուրքիայի ղեկավարը հայտարարում էր, որ այս խնդիրը, երկկողմ հարաբերությունների մյուս կնճռոտ թեմաների հետ միասին, պատրաստվում է քննարկել արդեն մեկուկես ամսից՝ Բայդենի հետ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում նախատեսված հանդիպման ընթացքում։
«Կարծում եմ՝ այս բոլոր խնդիրները ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի հետ մենք կքննարկենք հունիսին կայանալիք դեմ առ դեմ հանդիպման ժամանակ, բացելով [մեր հարաբերությունների] նոր դարաշրջանի դռները։ Ես ցանկանում եմ նաև հիշեցնել պարոն Բայդենին,որ մենք նախկինում էլ շփվել ենք և հիանալի հարաբերություններ ենք ունեցել։ Նա նույնիսկ այնքան բարի է գտնվել, որ այցելել է ինձ իմ տանը, երբ ես անառողջ էի», - հայտարարում էր Էրդողանը՝ հիշեցնելով տասնամյա վաղեմության իրադարձությունները։
2011 թվականի դեկտեմբերին, այն ժամանակ ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Ջոզեֆ Բայդենը Թուրքիա կատարած այցի ընթացքում մեկնել էր Ստամբուլի Սկյուտար թաղամաս՝ այցելելով վիրահատությունից հետո տնային պայմաններում ապաքինվող Ռեջեփ Էրդողանին։
Հաշվի առնելով Բայդենի հետ նախկինում ունեցած այս բոլոր շփումները՝ Թուրքիայի նախագահը հույս ունի, որ Բրյուսելում կայանալիք առաջիկա բանակցությունների ընթացքում իրենց կհաջողվի ընդհանուր հայտարարի գալ։ Եթե ոչ, ապա գործը կարող է հասնել ավելի կտրուկ միջոցների։
«Այժմ մենք պետք է մի կողմ դնենք այն բոլոր խնդիրները, որոնք թունավորում են մեր երկկողմ հարաբերությունները, և դիտարկենք հետագա քայլերը։ Հակառակ դեպքում, մենք այլ ելք չենք ունենա, քան դիմել համապատասխան քայլերի՝ հաշվի առնելով մեր հարաբերությունների մակարդակի այն անկումը, որ տեղի ունեցավ ապրիլի 24-ին», - հայտարարում էր Թուրքիայի նախագահը։
Հիշեցնենք՝ ապրիլքսանչորսյան ուղերձի հրապարակումից մեկ օր առաջ ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը թուրք պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում զգուշացրել էր, որ պատրաստվում է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները ցեղասպանություն անվանել։ Թուրքական և ամերիկյան լրատվամիջոցները, ի դեպ, հատուկ ընդգծում են, որ դա Բայդենի առաջին հեռախոսազրույցն էր Էրդողանի հետ՝ հունվարին ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր։