Մատչելիության հղումներ

Ըստ SIPRI-ի` «2020-ին Ադրբեջանը մեծացրել է ռազմական ծախսերը, Հայաստանը՝ կրճատել»


2020 թվականին Ադրբեջանը շարունակել է կտրուկ կերպով ավելացնել իր ռազմական ծախսերը, իսկ Հայաստանի պաշտպանական բյուջեն կրճատվել է, այս մասին տեղեկանում ենք ռազմական ոլորտում, նախևառաջ սպառազինության շուկայում տեղի ունեցող զարգացումները դիտարկող ու վերլուծող ամենահեղիանակավոր կառույցներից մեկի՝ Ստոկհոլմում գործող Խաղաղության խնդիրների ուսումնասիրության միջազգային ինստիտուտի (SIPRI) այսօր հրապարակած զեկույցից։

«2020-ին Ադրբեջանն իր ռազմական ծախսերն ավելացրել էր 17 տոկոսով, ինչը աճի հարաբերական ցուցանիշներով ամենամեծն էր Արևելյան Եվրոպայի ողջ տարածքում։ Նման աճի հիմնական շարժիչ ուժը Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի հետ ծավալված հակամարտությունն էր»,- արձանագրում են SIPRI-ի փորձագետները՝ նշելով, սակայն, որ այս հակամարտության մյուս կողմը՝ Հայաստանը, 2020 թվականի պաշտպանական ծախսերը ոչ միայն չի ավելացրել, այլև կրճատել է 2.6 տոկոսով։

Խաղաղության խնդիրների ուսումնասիրության կենտրոնի մասնագետները նաև նշում են, որ 2020 թվականին Ադրբեջանի ռազմական բյուջեն կազմել է 2 միլիարդ 238 միլիոն ամերիկյան դոլար։ «Ռազմական ծախսերի աճի տեմպով Ադրբեջանը 2020 թվականին աշխարհի պետությունների թվում 11-րդն էր», - պնդում են զեկույցի հեղինակները։ SIPRI-ի կայքում տեղադրված տվյալների համաձայն` ի դեպ, 2020 թվականի Հայաստանի պաշտպանական բյուջեն իր ծավալով գրեթե քառապատիկ զիջում է Ադրբեջանին՝ 638 միլիոն դոլար կազմելով։ Դրա հետ մեկտեղ թե Հայաստանը և թե Ադրբեջանը ՀՆԱ մի զգալի մասը նախորդ տարի շարունակել են ծախսել սպառազինությունների ձեռքբերման վրա։

«Ադրբեջանի ռազմական ծախսերը 2020-ին կազմել են ՀՆԱ-ի 5,4, իսկ Հայաստանինը՝ 4,9 տոկոսը», - նշում են Խաղաղության խնդիրների ուսումնասիրության միջազգային ինստիտուտի մասնագետները՝ հատուկ ընդգծելով, որ երկու երկրներն էլ ՀՆԱ-ի և ռազմական ծախսերի հարաբերակցության առումով աշխարհի առաջին տասնյակում են։ Նշենք, ի դեպ, որ զեկույցի հեղինակների կողմից հիշատակված այդ տասը պետությունների շարքում Հայաստանը միակն է, որ ոչ էներգակիրների հարուստ պաշարներ ունի և ոչ էլ անմիջական ելք դեպի ծով։

Հայաստանի մյուս հարևանը՝ Թուրքիան, 2020 թվականին ևս կրճատել է ռազմական ծախսերը։ Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ինստիտուտի տվյալներով` Թուրքիայի կողմից սպառազինության և այլ տեսակի ռազմական կարիքների վրա իրականացվող ծախսերը անցած տարի նվազել են հինգ տոկոսով։ Բացարձակ թվերով, սակայն, Թուրքիան շարունակում է տարածաշրջանային առաջատարը մնալ։ «2020 թվականին Թուրքիայի ռազմական ծախսերը կազմել են 17 միլիարդ 700 միլիոն ամերիկյան դոլար», - նշում են SIPRI-ի մասնագետները՝ հատուկ ընդգծելով, որ թեև նախորդ տարի՝ 2019-ի համեմատ, Անկարայի ռազմական ծախսերը կրճատվել են, Թուրքիան շարունակում է մնալ վերջին տասնամյակում բանակի վրա ամենաշատ գումար ծախսած պետություններից մեկը։ «2011-ից սկսած Թուրքիայի ռազմական ծախսերը աճել են 77 տոկոսով։ Աճի տեպերը արագացան 2015 թվականից, երբ Թուրքիան անհամեմատ ավելի նախահարձակ արտաքին քաղաքականություն որդեգրեց», - նշում են ստոկհոլմյան ինստիտուտի փորձագետները։

Այսօր հրապարակված այս զեկույցի համաձայն, ի դեպ, Թուրքիան ռազմական բացարձակ ծախսերի ծավալով 2020 թվականին աշխարհում 16-րդ տեղում է եղել՝ երկու հորիզոնականով առաջ անցնեով Հայաստանի մեկ այլ հարևանից՝ Իրանից։

«Իրանի Իսլամական Հանրապետության` 2020 թվականի ռազմական ծախսերը 15 միլիարդ 800 միլիոն ամերիկյան դոլար են կազմել», - տեղեկանում ենք Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ինստիտուտի հրապարակած զեկույցից։

Փաստաթղթի հեղինակները, սակայն, նշում են, որ անցած տարի Թեհրանը ևս ստիպված էր նվազեցնել իր ռազմական բյուջեն՝ շուրջ երեք տոկոսով։

«Սա այն միտման շարունակությունն է, որ առաջին անգամ նկատելի դարձավ 2018 թվականին, երբ Միացյալ Նահանգները երկրի միջուկային ծրագրի պատճառով վերահաստատեց Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները։ 2018-ից 2020 թվականներին Իրանի ռազմական ծախսերի ընդհանուր ծավալը նվազել է 20 տոկոսով»,- կարդում ենք զեկույցում։

«Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը 2020 թվականին շարունակել է մեծացնել ռազմական ծախսերը՝ հասցնելով դրանք 61 միլիարդ 700 միլիոն դոլարի, ինչը երկուսուկես տոկոսով ավելին էր, քան 2019-ին», - նշում են SIPRI-ի մասնագետները՝ պնդելով, որ ըստ իրենց հաշվարկների` 2011 թվականից ի վեր Ռուսաստանի պաշտպանական բյուջեն աճել է 26 տոկոսով։ Դրա հետ մեկտեղ զեկույցի հեղինակները նկատում են, որ իրենց վերլուծություններից դատելով՝ կորոնավիրուսի համաճարակը որոշակիորեն ազդել է Ռուսաստանի կողմից իրականացվող ռազմական ծախսերի վրա։

«Ռուսաստանի կողմից ռազմական ոլորտում իրականացված ծախսերը ավելի քան վեց տոկոսով պակաս են երկրի պաշտպանական բյուջեի ընդհանուր ծավալից», - նշում են Խաղաղության խնդիրների ուսումնասիրության միջազգային ինստիտուտի մասնագետները։

«Covid 19-ի համաճարակը, սակայն, աշխարհում ռազմական ծախսերի վրա գլոբալ ազդեցություն չի ունեցել։ 2020 թվականին կատարված ռազմական ծախսերի 62 տոկոսը կրկին բաժին է ընկել աշխարհի հինգ պետություններին՝ ԱՄՆ, Չինաստան, Հնդկաստան, Ռուսաստան և Մեծ Բրիտանիա», - նշում են SIPRI-ի փորձագետները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG