Մատչելիության հղումներ

Ալիևը կրկին հայտարարում է՝ Բաքուն աշխատում է «զանգեզուրյան տրանսպորտային միջանցքի ուղղությամբ»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին հայտարարում է՝ Բաքուն շարունակում է աշխատել «զանգեզուրյան տրանսպորտային միջանցքի ուղղությամբ»։

«Ներկայում մենք աշխատում ենք «զանգեզուրյան տրանսպորտային միջանցքի» վրա, որը դառնալու է Արևելք-Արևմուտք միջանցքի մի մասը՝ Ասիան Եվրոպայի հետ միացնող։ Այդ միջանցքը թույլ կտա ամրապնդել Ադրբեջանի դիրքերը Եվրասիայի կենտրոնում», - հայտարարել է Ալիևը` գործընկեր երկրներին հրավիրելով ուսումնասիրել տարածաշրջանային այդ նախագծի հեռանկարները։ Այս մասին Ադրբեջանի առաջնորդը խոսել է ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 77-րդ նիստի ընթացքում։

Անցյալ շաբաթ Ադրբեջանի նախագահը վստահեցրել է, թե կատարելու են «Զանգեզուրի միջանցքի իրականացման խնդիրը»՝ անկախ նրանից՝ Հայաստանն ուզում է դա, թե՝ ոչ: Եթե Հայաստանը ցանկանա, խնդիրը, ըստ Ալիևի, կարելի է լուծել հեշտությամբ, եթե ոչ՝ իրենք «այն կլուծեն ուժով»: Նա նաև հայտարարել է, թե «101 տարի անց ադրբեջանական ժողովուրդը վերադառնում է զավթված Զանգեզուր»:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով այդ հայտարարությանը, հավաստիացրել էր, թե նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ո՛չ Զանգեզուր, ո՛չ Սյունիք, ո՛չ միջանցք արտահայտություններ չկան, խոսքը տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասին է։

XS
SM
MD
LG