Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց. նախագահն ընդունեց Կառավարության հրաժարականը


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտարարեց հրաժարական տալու մասին` արտահերթ ընտրություններ անցկացնելու համար:

«Հայաստանի Հանրապետության գործող Սահմանադրությամբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը հնարավոր է միայն այն պարագայում, երբ վարչապետը հրաժարական է տալիս, և խորհրդարանը երկու անգամ վարչապետ չի ընտրում: Սրանից հետո Ազգային ժողովը իրավունքի ուժող համարվում է արձակված, և տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշումը կյանքի կոչելու համար այսօր ես հրաժարական եմ տալիս Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից: Սահմանադրության ձևակերպումները ենթադրում են նաև, որ Ազգային ժողովը իրավունքի ուժով արձակված համարվելու համար անհրաժեշտ է, որ խորհրդարանում վարչապետի ընտրության քվեարկություն տեղի ունենա: Այս ընթացակարգերը պահպանելու համար ես երկու անգամ կառաջադրվեմ վարչապետի թեկնածու», - ասաց նա` հայտարարելով, որ մյուս խմբակցությունները վարչապետի թեկնածու չեն առաջադրի, իսկ իշխող խմբակցությունն էլ վարչապետ չի ընտրի: Այդ դեպքում արդեն Ազգային ժողովը կհամարվի արձակված, և կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ ինքն այս ընթացքում կկատարի վարչապետի լիազորությունները. «Այս ընթացքում կշարունակեմ կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունները՝ օրենսդրությամբ ու Սահմանադրությամբ նախատեսված ամբողջ ծավալով»:

Հիշեցնենք, որ Փաշինյանը նախագահ Արմեն Սարգսյանի, խորհրդարանական 2` ընդդիմադիր խմբակցությունների` ԼՀԿ-ի ու ԲՀԿ-ի հետ հանդիպումներից հետո հայտարարել էր հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մտադրության մասին:

Այսօրվա ուղերձում Փաշինյանն ասաց, որ անցյալի ու ներկայի վերաբերյալ իր գնահատականները տալու հերթը ժողովրդինն է, և այդ հնարավորությունն ստեղծելու համար են նախատեսվող ընտրությունները: Շեշտեց` «Քաղաքացիական պայմանագիրը» մասնակցելու է ընտրություններին, ինքը լինելու է վարչապետի թեկնածուն. «Եթե ժողովուրդը որոշի, որ ես պետք է հեռանամ վարչապետի պաշտոնից, ես կկատարեմ այդ որոշումը, եթե ժողովուրդը որոշի, որ պիտի շարունակեմ պաշտոնավարել որպես վարչապետ, ես կկատարեմ այդ որոշումը:

Հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու ժամանակացույցի առումով ես կարող էի հրաժարական տալ ոչ պարտադիր այսօր:

Բայց կարևոր համարեցի, որ հրաժարականը տեղի ունենա հենց այսօր` Քաղաքացու օրը: Սա կարևոր խորհրդանիշն է այն բանի, որ այսպիսով Հայաստանի Հանրապետության քաղաքացուց ստացած իշխանությունը մենք վերադարձնում ենք քաղաքացուն, որպեսզի նա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին որոշի իշխանության հետագա ճակատագիրը՝ ազատ, արդար, մրցակցային ընտրություններով», - ասաց Նիկոլ Փաշինյանը` նշելով նաև, որ 2021 թվականին արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարը առաջարկել է դեռևս 2020 թվականի վերջին:

«Բայց մի շարք ուժերի կողմից այն մերժվում էր, որովհետև արտահերթի գաղափարը մերժող այդ շրջանակները համարում էին, թե իշխանության ճակատագիրը պետք է որոշվի չակերտավոր էլիտար փակ սենյակներում, և ժողովուրդը պետք է մեկուսացված լինի այս գործընթացից:

Այդ ուժերը նման մոտեցում ցուցաբերում էին ոչ միայն այն պատճառով, որ հասկանում են, որ Հայաստանում իշխանության բարձրագույն կրողի՝ ժողովրդի կողմից վստահության արժանանալու որևէ հնարավորություն չունեն, այլև նրանց քաղաքական հավատամքն է, որ գազելներով ու վարչական լծակներով ընտրատեղամասեր քշվող ժողովուրդը պետք է ընդամենը արձանագրի չակերտավոր էլիտայի կողմից կայացված որոշումները», - նկատեց Փաշինյանը:

Նա նաև զորակցություն հայտնեց անհետ կորած համարվողների ընտանիքներին, համբերություն ու տոկունություն մաղթեց գերեվարվածներին և նրանց հարազատներին, ապա վստահեցրեց` գերեվարված հայրենակիցներն անպայմանորեն վերադառնալու են, և պետք է ուժ և կորով ունենանք նրանց վերադարձը ապահովելու համար: Փաշինյանը ևս մեկ անգամ շեշտեց. «Հայաստանում և Արցախում ապագա կա, կա ապագա, և այդ ապագայի կերտումը սկսվում է այսօր»:

Ավելի ուշ արդեն նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց հրամանագիր` ընդունելով Կառավարության հրաժարականը:

Համաձայն Սահմանադրության` վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

XS
SM
MD
LG