Արցախի արտաքին գործերի նախարարությունը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների նախագահի «մարդասիրական և քաղաքական կարևոր քայլը՝ Թուրքիայի կողմից միլիոնավոր հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությանը արժանի գնահատական տալու ուղղությամբ»:
«Սա բարոյական հաղթանակ է, հաղթանակ ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ քաղաքակիրթ մարդկության համար:
Այս կարևոր հաղթանակը նաև Սփյուռքի կառույցների հետևողական և նպատակասլաց աշխատանքի արդյունք է», - ասված է Արցախի արտգործնախարարության հայտարարության մեջ:
Հիշեցնենք` Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը երեկ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ այդ եզրույթը երկու անգամ օգտագործելով իր ապրիլքսանչորսյան ուղերձում:
«Հուսով ենք, որ ԱՄՆ նախագահի այս դիրքորոշումը հիմք կստեղծի հետագա ցեղասպանությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների դատապարտման ու կանխման համար», - նշում է Արտգործնախարարությունը: