Նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ բարձրաստիճան պաշտոնյաների և օտարերկրյա պատվիրակությունների հետ առավոտյան այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ուշագրավ է, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ի տարբերություն նախորդ տարիների, այսօր իշխանություններից առանձին այցելեց հուշահամալիր՝ կատարելու «սուրբ նահատակների բարեխոսական կարգ»։
Հիշեցնելով, որ միլիոն ու կես հայեր Օսմանյան կայսրության երիտթուրքական կառավարության հանցավոր քաղաքականության զոհ դարձան՝ վարչապետն իր այսօրվա ուղերձում նշում է. «Հայոց ցեղասպանությունը և այն ծնած [պանթյուրքիզմի] գաղափարախոսությունը մնացին անպատիժ։ Իսկ անպատիժ մնացած հանցագործությունները և դրանց սնած գաղափարախոսություններն ունեն կրկնվելու և վերստին ի հայտ գալու սովորություն: Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, Արցախում հայ ժողովրդի բնաջնջմանն ուղղված ադրբեջանա-թուրքական ագրեսիան, Թուրքիայի ծավալապաշտական արտաքին քաղաքականությունը, Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումները ցեղասպան գաղափարախոսության վերածննդի վկայությունն են»:
Փաշինյանը շարունակում է. «Ասվածը, սակայն, որևէ կերպ չի կարելի մեկնաբանել որպես տարածաշրջանային երկխոսության ժխտում։ Մենք պատրաստ ենք դրան: Սակայն մեր պատկերացրած երկխոսությունը չի կարող լինել ուժի դիրքերից։ Այն կարող է տեղի ունենալ միայն իրավահավասարության սկզբունքով: Մենք երբևէ հարցականի տակ չենք դնի Հայոց ցեղասպանության եղելությունը»։
Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը այսօր Ծիծեռնակաբերդում մանրամասնեց. «Դիրքորոշումը մնում է նույնը, որ Թուրքիայի հետ հարաբերությունները պատրաստ ենք սկսելու կարգավորելու գործընթաց՝ առանց որևէ նախապայմանի: Այսօրվա դրությամբ նախապայմանները ներկայացվում են միայն Թուրքական կողմից»:
«Ազատության» հարցին՝ ի՞նչ նախապայմանների մասին է խոսքը, փոխնախարարը պատասխանեց. «Դրանք հիմնականում վերաբերվում են թե՛ ցեղասպանության ճանաչմանը և թե՛ տարածաշրջանային խնդիրներին»:
Դիտարկմանը՝ այսինքն պաշտոնական Անկարան Հայաստանին առաջարկում է, որպեսզի չաջակցի՞ ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին և ճանաչի Թուրքիայի Հանրապետության ներկայիս սահմանները, Ադոնցն արձագանքեց. «Ներկայիս դրությամբ որևէ երկխոսություն Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև չկա»:
Այսօր Երևանում ներկա գտնվող օտարերկրյա պատվիրակություններից ամենաբարձրաստիճանը Ֆրանսիայինն էր՝ Սենատի նախագահ Ժերար Լարշեի ու Արտաքին և եվրոպական գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի գլխավորությամբ։ Իսկ, օրինակ, Հայաստանի դաշնակիցը համարվող Ռուսաստանը ներկայացված էր խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնային խորհրդի Սոցիալական հարցերով կոմիտե փոխնախագահ Տատյանա Կուսայկոյի մակարդակով։
Ֆրանսիայի Սենատի նախագահ. Անգամ հաջող ռազմական գործողությունները հաղթանակ չեն բերում
Ֆրանսիայի Սենատի նախագահը զուգահեռներ տարավ Հայոց ցեղասպանության ժամանակ ու մեր օրերում Հայաստանի ու հայերի նկատմամբ եղած սպառնալիքների միջև։
«Այստեղ՝ այս հուշահամալիրում ներկայում առկա է անցյալի արձագանքը։ Հուշահամալիրը մեզ սովորեցնում է, որ անգամ հաջող ռազմական գործողությունները հաղթանակ չեն բերում։ Թող որ այն հարձակումը, որ վերջերս տեղի ունեցավ հայերի նկատմամբ, և որն ուղեկցվում էր ատելությամբ, բռնություններով, վայրագություններով, սրբավայրերի պղծմամբ և ավերմամբ, այստեղ գտնի այն պատասխանը, որը մարտահրավեր է նետում անցյալին։ Կարծես թե մարած սպառնալիքը կարող է կրկին բռնկվել, և կենդանի հիշողությունը լավագույն պատվարն է պատմության ողբերգական կրկնության դեմ», - նշել է Ֆրանսիայի Սենատի նախագահը։
Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Կոքսը նույնպես անդրադարձավ 44-օրյա պատերազմին ու դրա հետևանքներին։
«Այստեղ եմ՝ լրջորեն բարկացած այն հանգամանքից, որ միջազգային հանրությունը հրաժարվում է պատասխանատվության կանչել Ադրբեջանին պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ գործած հանցագործությունների համար, ինչպես նաև պատասխանատվության կանչել Թուրքիային, որը Ադրբեջանին սատարեց սիրիացի ջիհադիստների օգնությամբ։ Եվ իհարկե, պետք է պահանջել Ադրբեջանից, որպեսզի այն ազատ արձակի հայ ռազմագերիներին», - նշեց Քերոլայն Կոքսը։