Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահը «պատրաստվում է ապրիլի 24-ին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը»


ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 22-ը ապրիլի, 2021թ․
ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 22-ը ապրիլի, 2021թ․

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է ապրիլի 24-ին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին այսօր հայտնել են մի շարք միջազգային առաջատար լրատվամիջոցներ՝ այդ թվում ամերիկյան The New York Times-ը, Reuters-ը, բրիտանական The Guardian-ը` վկայակոչելով ներքին քննարկումներին քաջատեղյակ իրենց աղբյուրները։

The New York Times-ը գրում է, որ Սպիտակ տան ղեկավարը պատրաստվում է հայտարարել՝ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած կոտորածները ցեղասպանական գործողություն են եղել: Պարբերականը նշում է՝ այդ քայլը կվկայի, որ Ամերիկայի հանձնառությունը մարդու իրավունքներին ավելի կարևոր է, քան Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերությունները վտանգի ենթարկելու հեռանկարը։ Թերթը շեշտում է, որ այդպիսով Բայդենը կդառնա ամերիկացի առաջին նախագահը, որը կանի այդ հայտարարությունը, հիշեցնելով նաև 1981 թվականին Ռոնալդ Ռեյգանի գրավոր հայտարարությունը, որում Հոլոքոսթի մասին խոսելիս հպանցիկ անդրադարձել էր նաև Հայոց ցեղասպանությանը։

Ամերիկյան CNN-ի հետ զրույցում մի քանի անուն աղբյուրներ տեղեկացրել են, որ ամերիկացի պաշտոնյաներն իրենց դաշնակիցներին արդեն հայտնել են՝ նախագահը ճանաչելու է ցեղասպանությունը։

Միացյալ Նահանգների նախկին նախագահները 1915 թվականին Թուրքիայում մեկուկես միլիոն հայերի սպանությունների մասին խոսելիս մշտապես խուսափել են «ցեղասպանությունից» տերմինից՝ բավարարվելով «կոտորած» կամ «Մեծ եղեռն» եզրույթներով։

«Խորհրդանշական այդ քայլով Սպիտակ տունը կհրաժարվի տասնամյակներ շարունակ զգուշորեն ընտրված ձևակերպումներից, և սա՝ մի ժամանակահատվածում, երբ Անկարան ու Վաշինգտոնն արդեն խորը տարաձայնություններ ունեն մի շարք հարցերի շուրջ», - գրում է Reuters գործակալությունը, որը նույնպես, հղում անելով ամերիկյան վարչակազմի իր աղբյուրներին, հաստատում է՝ նախագահ Բայդենը, ինչպես և խոստացել էր նախընտրական քարոզարշավի ընթացքում, ապրիլքսանչորսյան իր ուղերձում պաշտոնապես ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը։

«Որքանով ինձ է հայտնի` նա որոշում է կայացրել և շաբաթ օրը նախատեսված իր հայտարարության մեջ կիրառելու է «ցեղասպանություն» բառը», - անանուն պաշտոնյայի խոսքերն է մեջբերում Reuters-ը։

Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունները, միևնույն ժամանակ չհերքելով դրանք։ Նախագահի խոսնակ Ջեն Փսակին երեկ ուշ երեկոյան լրագրողներից մեկի հարցին ի պատասխան միայն հայտնել է, որ վարչակազմն այդ մասին ասելիք կունենա հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին:

Մինչ այդ, ավելի քան հարյուր ազդեցիկ կոնգրեսականներ՝ ինչպես Դեմոկրատական, այնպես էլ Հանրապետական կուսակցություններից համատեղ նամակով դիմել են Միացյալ Նահանգների նախագահին՝ կոչ անելով կատարել խոստումը և ասել ճշմարտությունը։

«Պարոն նախագահ, ինչպես Դուք էիք նշել անցած տարվա ապրիլի 24-ին Ձեր հայտարարությունում՝ «լռությունը հանցակցություն է»։ Միացյալ Նահանգների կառավարության խայտառակ լռությունը հայերի ցեղասպանության պատմական փաստի առնչությամբ շատ երկար է տևում, ինչին պետք է վերջ դրվի»,- ասվում է 107 կոնգրեսականների նամակում։

Ցեղասպանությունից փրկված հարյուր հազարավոր հայերի իր հարկի տակ ապաստանած Ամերիկայի 49 նահանգներ՝ բացառությամբ Միսիսիպիի, պաշտոնապես ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը։

Անկարայի սպառնալիքներն անտեսել և 1915 թվականին Թուրքիայում մեկուկես միլիոն հայերի կոտորածը ցեղասպանություն են ճանաչել նաև աշխարհի առնվազն երեք տասնյակ երկրներ՝ Եվրոպայում, Մերձավոր Արևելքում։

2019 թվականին, չնայած Թրամփի վարչակազմի դիմակայությանն ու Թուրքիայի պարբերական սպառնալիքներին, ամերիկյան օրենսդիր մարմնի երկու պալատները ի վերջո հատուկ բանաձևերով, ընդ որում Սենատը՝ միաձայն, հաստատել են Հայոց ցեղասպանության փաստը և դատապարտել այն, ինչը շատերի գնահատմամբ շրջադարձային փոփոխություն մտցրեց ամերիկյան քաղաքական ուղեգծում՝ միևնույն ժամանակ հարուցելով Անկարայի զայրույթը: Օրենքի ուժ չունեցող այդ որոշումը, այդուհանդերձ, շտապել էր ողջունել այն ժամանակ նախագահի թեկնածու Ջո Բայդենը՝ խոստանալով ընտրվելու դեպքում աջակցել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG