Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սյունիքի մարզպետարանում անցկացրել է խորհրդակցություն։
Ֆեյսբուքյան իր էջում Փաշինյանը գրել է, որ անդրադարձել է 44-օրյա պատերազմի հետևանքով Սյունիքում ստեղծված իրավիճակին, կառավարության ձեռնարկած միջոցառումներին, սահմանային անվտանգության ապահովմանը, ինչպես նաև այսօր Ագարակում և Մեղրիում տեղի ունեցածին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիք ուղեկցվում էր բողոքի ակցիաներով։ Իրավիճակը պարբերաբար լարվում էր․ մեղրեցիները փորձում էին խոչընդոտել նրա տեղաշարժը՝ պահանջելով հեռանալ։
Այցի օրակարգը կառավարությունը չի հրապարակել։
Փաշինյանը երեկվանից է Սյունիքում, եղել է պատերազմից հետո սահմանային ճշտումների արդյունքում սահմանամերձ դարձած Շուռնուխում։ Սյունիքում հենց այդ ճշտումների պատճառով դժգոհություն կա իշխանությունների նկատմամբ։ Մի շարք համայնքապետեր պահանջել էին Փաշինյանի հրաժարականը։
Նշենք, որ վարչապետի այցի մասին նախօրոք չի հայտարարվել։ Երեկ ուշ երեկոյան Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան գրառմամբ միայն տեղեկացրեց, որ վարչապետի հետ հյուրընկալվել են Շուռնուխի մի քանի տներում և եղել գյուղամիջում։