Իրավիճակն այսօր Եվրոպայի սահմանների մոտ առավել քան մտահոգիչ է՝ հայտարարել է Գերմանիայի կանցլերը՝ մտահոգությունների շարքում հիշատակելով նաև ղարաբաղյան խնդիրը։
«Եթե նայենք Եվրոպայի արտաքին սահմաններին, ակնհայտ կդառնա, որ նույնիսկ այսօր խաղաղությունն ու անվատնգությունը, կայունությունն ու բարգավաճումը երաշխավորված չեն։ Իրավիճակը Բելառուսում, Ուկրաինայի արևելքում ու Ղրիմում, Մերձդնեստրում, Հարավային Օսիայում, Աբխազիայում և Ղարաբաղում, ինչպես նաև Սիրիայում և Լիբիայում, առավել քան մտահոգիչ է», - հայտարարել է Մերկելը՝ Եվրախորհրդին Գերմանիայի անդամակցության 70-րդ ամյակին նվիրված ելույթում։
Կանցլերն ընդգծել է՝ օրենքի գերակայության ապահովմանը զուգահեռ Եվրոպայի խորհուրդը կարևոր ներդրումն ունի նաև միջազգային նորմերի պահպանման գործում։
«Երբ պետության ինքնիշխանությունն ու ամբողջականությունը դրվում են կասկածի տակ, կամ՝ անտեսվում, ինչպես Ղրիմում ու Լեռնային Ղարաբաղում, դա հակասում է մեր համընդհանուր արժեքներին։ Եվ ԵԽ-ը պետք է այս հարցում որոշիչ դեր խաղա», - ասել է Մերկելը։