Ցինիկ նախագիծ, փող աշխատելու միջոց ու անհաջող սեպարատիզմ՝ այսպես են ՈՒԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն բնորոշում եվրոպական առաջատար ակումբների՝ սեփական մրցաշարը ստեղծելու նախաձեռնությունը։
Այսպես կոչված «ապահարզանի» մասին պաշտոնապես հայտարարվեց անցած գիշեր․ եվրոպական ֆուտբոլի 12 լավագույնները՝ անգլիական «Մանչեսթր Յունայթեդ»-ը, «Արսենալ»-ը, «Չելսի»-ն, «Տոտենհեմ»-ը, «Մանչեսթր Սիթի»-ն ու «Լիվերպուլ»-ը, իսպանական «Ռեալ»-ը (Մադրիդի), «Բարսելոնա»-ն ու «Ատլետիկո»-ն, ինչպես նաև իտալական «Ինտեր»-ը, «Միլան»-ն ու «Յուվենտուս»-ը հայտարարեցին, թե հիմնում են նոր մրցաշար՝ «Սուպերլիգա»։ Ակնկալվում է, որ առաջիկայում նրանց կմիանա ևս երեք ակումբ, ըստ այդմ՝ նոր մրցաշարը կունենա 15 հիմնադիր անդամ, որոնք մշտապես կմասնակցեն խաղերին, ևս հինգ մասնակից էլ կընտրվի որակավորման փուլի արդյունքում։
Մրցաշարը հովանավորելու է ամերիկյան JPMorgan ներդրումային բանկը, ընդ որում, հիմնադիր մասնակիցները խաղերը չսկսած, միայն սուպերլիգային միանալու համար կստանան երեքուկես միլիարդ եվրո՝ ենթակառուցվածքների բարեփոխման ու քովիդի վնասները մեղմելու համար։
«Մենք մտադիր ենք ՈՒԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի հետ քննարկել ընդհանուր համագործակցությունը, որպեսզի լավագույն հեռանկարներն ապահովենք ինչպես նոր մրցաշարի, այնպես էլ ֆուտբոլի համար», - անցած գիշեր հայտարարեցին Սուպերլիգայի հիմնադիրները։
ՈՒԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն շտապեցին արձագանքել, որ անջատականների հետ քննարկելու, առավել ևս համագործակցելու որևէ միտք չունեն։
«Մենք մնում ենք միասնական՝ կանգնեցնել այս ցինիկ նախաձեռնությունը, նախագիծ, որն առաջ է տանում մի քանի ակումբների եսասիրական շահերը, երբ հասարակությունն առավել քան երբևէ համերաշխության կարիք կունի», - հայտարարել են ՈՒԵՖԱ-ն, ՖԻՖԱ-ն, ինչպես նաև անգլիական, իսպանական, իտալական առաջնություններն ու ֆուտբոլային ֆեդերացիաները։ Վերջիններս զգուշացրել են, որ պատրաստ են ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները նոր մրցաշարը կասեցնելու համար։
«Ֆուտբոլիստները, որ կխաղան այդ մրցաշարում, իրավունք չեն ունենա մասնակցել աշխարհի կամ Եվրոպայի առաջնությանը», - հայտարարել է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության՝ ՈՒԵՖԱ-ի ղեկավար Ալեքսանդր Չեֆերինը։
Անջատականներն ընկրկելու միտք չունեն․ AP-ի ու Reuters-ի տրամադրության տակ է հայտնվել նրանց նամակը՝ ՈՒԵՖԱ-ին և ՖԻՖԱ-ին։ «Դուք ձեր հայտարարություններով ստիպում եք մեզ պաշտպանական քայլեր ձեռնարկել», - գրել են Սուպերլիգայի հիմնադիրները՝ տեղեկացնելով, որ արդեն իսկ դիմել են դատարան՝իրենց իրավունքները երաշխավորելու նպատակով։ Թե որ դատարան՝ նամակը չի հստակեցնում։
«Սա ուղղակի պատերազմ է մեր դեմ, ընդ որում, ոչ թե քաղաքացիական, այլ միջուկային», - Sky Sports-ին ասել է Սուպերլիգայի հիմնադիր անգլիական վեց ակումբներից մեկի ներկայացուցիչը՝ անանուն մնալու պայմանով։
Մինչ ֆուտբոլային աշխարհի ղեկավարներն ու մենեջերները սպառնում են ուժերը չափել դատարաններում, երկրպագուներից շատերն են արձանագրում՝ սպորտում չպիտի լինեն ընտրյալներ, իսկ լավագույնները պետք է որոշվեն խաղադաշտում։
«Սրանից կարող են օգտվել միայն հարուստ ակումբները՝ «Միլանը», «Ինտերը», «Յուվենտուսը», «Ռեալ Մադրիդը»․․․ ՈՒԵՖԱ-ն դեմ է, և ես համամիտ եմ նրանց հետ։ Չի կարելի այսպես վարվել»
«Երբ տեսնում եմ, թե ինչպես են երեխաները բակում ֆուտբոլ խաղում, հիանում եմ, կարծես մեր ազգային հավաքականի խաղն եմ դիտում։ Մինչդեռ այդ ակումբները ուզում են ֆուտբոլը շքեղություն դարձնել․․․ Ֆուտբոլը ընտրյալներինը չէ, դա ամենաժողովրդական բանն է, որ եղել է, և այդպիսին էլ պետք է մնա»։
«Սա ուղղակի աղետ է, առանց Սերիա Ա-ի խաղերի ու Չեմպիոնների լիգայի ֆուտբոլն ինձ համար այլևս ֆուտբոլ չէ։ Իրենց այդ որոշմամբ նրանք իսկապես ոչնչացնում են խաղը»։
«Մենք Պրեմիեր լիգայում այնքան հաղթանակ ենք տարել, որքան «Տոտենհեմը», սակայն ուզում ենք հավաստիացնել, որ սուպերլիգային չենք մասնակցելու», - ծաղրական տոնը չթաքցնելով՝ Թվիթերում գրել է իռլանդական ակումբներից մեկը։
Մոսկովյան «Սպարտակը» շտապել է դիմել իրենց ակումբներից հիասթափված երկրպագուներին․ - «Կարծում եք Ձեզ դավաճանե՞լ են, նոր ակո՞ւմբ եք փնտրում սատարելու համար։ Մենք այստեղ ենք», - գրել են ռուս ֆուտբոլիստները։
Մարզական մեկնաբանները փաստում են, որ ազդեցիկ ակումբները վաղուց են սկսել պայքարը՝ ՈՒԵՖԱ-ից ու ՖԻՖԱ-ից պահանջելով անկախության ավելի մեծ աստիճան ու ավելի շատ ֆինանսական միջոցներ։ ՈՒԵՖԱ-ն խոստացել էր բարեփոխել մրցաշարերը, այդ թվում՝ Չեմպիոնների լիգան։ Առաջարկված փոփոխությունները, սակայն, ըմբոստ տասներկուսի պահանջները, ամենայն հավանականությամբ, չէին բավարարել։
Ինչպիսին էլ լինի այս տարաձայնության ելքը, մեկ բան հստակ է՝ ֆուտբոլիստները չպետք է տուժեն, զգուշացրել է Ֆուտբոլիստների համաշխահային ընկերակցությունը՝ ընդգծելով․ - «Մենք վճռականորեն դեմ կկանգնենք, եթե կողմերից որևէ մեկը փորձի ոտնահարել ֆուտբոլիստների իրավունքներն ու արգելի նրանց մասնակցությունը այս կամ այն խաղին, կամ ազգային հավաքականների հանդիպումներին»։