Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները սկսել են Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվան նվիրված շքերթի նախապատրաստման աշխատանքները, հայտնում է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ զորահանդեսի վարժանքներն անցկացվում են Ստեփանակերտի օդանավակայանում, դրանց մասնակցում են շուրջ 400 ռուսաստանցի զինվորականներ։
«Հանդիսավոր երթի փորձերին մասնակցում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային (խաղաղապահ) բրիգադի անձնակազմը՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հիմքը», - ասվում է Ռուսաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում։
Նշվում է, որ փորձերին մասնակցում են նաև հումանիտար արձագանքման կենտրոնի, ռազմական ոստիկանության, հատուկ նշանակության բժշկական ջոկատի ստորաբաժանումների, ռուսական խաղաղապահ զորակազմի կառավարման խմբի, ինչպես նաև նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանման անձնակազմերը։
Մայիսի 9-ին Լեռնային Ղարաբաղում Եռատոն է՝ այդ օրը անցած տասնամյակներին մեծ շուքով նշվել են Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի Պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձերը: Հանդիսավոր միջոցառումների մեծ մասն անցկացվում էր Շուշի քաղաքում։
Պաշտոնական Ստեփանակերտն առայժմ չի հստակեցրել, թե 44-օրյա պատերազմում կրած պարտությունից, Շուշիի կորստից հետո ինչպես է նշելու Արցախի տոնացույցի կարևորագույն տոներից մեկը։