Ռուսաստանի վարչապետը նախագահի հանձնարարությամբ մեկնել է Մինսկ և առաջարկել Բելառուսին քննարկել երկու երկրների հարկային համակարգերի ինտեգրման հարցը։
«Դա պետք է որ շահավետ լինի երկու կողմի համար էլ, և ոչ մի դեպքում չի նշանակում, թե մի համակարգը կլանելու է մյուսին», - ասել է Միխայիլ Միշուստինը՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի սեղանին դնելով ինտեգրման՝ ռուսական կողմի ծրագիրը։
Բելառուսի նախագահն, իր հերթին, տեղեկացրել է, որ վերջին օրերին Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել են նոր թափ հաղորդել Ռուսաստան-Բելառուս Միութենական պետության կայացմանը։ Հենց այս հարցերը քննարկելու համար, ասել է Լուկաշենկոն, ինքը հաջորդ շաբաթ մեկնելու է Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման։