Մատչելիության հղումներ

Այվազյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների չկատարման վրա


Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ ԱԳՆ-ն հաղորդում է, որ զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի լայն շրջանակի: Նախարար Այվազյանը ԵՄ հատուկ ներկայացուցիչ Կլաարին է ներկայացրել Արցախում հումանիտար իրադրության հասեցագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը՝ կարևորելով միջազգային գործընկերների ուղիղ ներգրավումը:

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կատարման ընթացքի և անհապաղ հասցեագրում պահանջող հումանիտար խնդիրների համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը ԵՄ հատուկ ներկայացուցչի ուշադրությունն է հրավիրել «Ադրբեջանի կողմից իր ստանձնած պարտավորությունների չկատարման հանգամանքի վրա՝ շարունակելով պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց»:

Երկուստեք կարևորվել է հակամարտության գոտում կրոնական և մշակութային ժառանգության օբյեկտների պաշտպանությունը, ներառյալ՝ համապատասխան միջազգային ներգրավմամբ:

Արա Այվազյանն ընդգծել է, որ «Ադրբեջանի բարձր ղեկավարության կողմից խրախուսվող հայատյացության քաղաքականությունը, որն արտահայտվում է նաև հայկական քրիստոնեական ժառանգության թիրախավորմամբ և Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների փառաբանման համատեքստով «ցուցադրություններով», ուղիղ մարտահրավեր է տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանն ուղղված միջազգային ջանքերին»:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը Հայաստանի արտգործնախարարին է ներկայացրել Հայաստանի սահմանամերձ մարզեր կատարած այցի և դրա շրջանակներում ունեցած հանդիպումների տպավորությունները: Կողմերն ընդգծել են սահմանամերձ բնակավայրերի բնակչության իրավունքների լիարժեք պաշտպանության կարևորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG